ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը նախագծեր են փոխանակել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը մարտի 25-ին «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը  փոխանցել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու իր առաջարկը: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը:

Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այսօր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «ՀԱԿ» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն:

Ստորև ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, հանրային և քաղաքական վստահության մթնոլորտն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտության մասին» հայտարարության նախագիծը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

– մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների և ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,

– գիտակցելով, որ երկրի զարգացման և այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա,

հայտարարում է.

Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը և սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է.

1. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։

2. Անցկացնել լսումներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին և ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը»։

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031