Ինչպես է Մակեյանը մրցակցելու ՀԱԿ-ի հետ

Ազատության հրապարակում մեկնարկած քաղաքացիական բաց ֆորումի հերթական նիստի ժամանակ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ի պատասխան այն հարցին, թե լինելով «Բարև, Երևան» դաշինքում, ինչպե՞ս է մրցակցելու իր վաղեմի պայքարի ընկերների՝ ՀԱԿ-ի անդամների հետ, պատասխանեց.

«Իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև հինգ տարի ՀԱԿ-ի հետ դժոխքով ենք անցել: Բայց վերջին երկու տարիներին ՀԱԿ-ի ներսում խնդիրներ կային ու վերջնական հանգուցալուծում ստացվեց այն ժամանակ, երբ կոնգրեսի անվամբ կուսակցություն ձևավորվեց: Հիմա, բնականաբար, մնացած կուսկացությունները ազատ են իրենց քաղաքականության մեջ, իսկ մեր կուսակցությունը այլ տեղ չի կարող լինել քան հրապարակում, որտեղ ժողովուրդն է պայքարում»:

Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, Պ. Մակեյանը նախ ճշտեց, թե խոսքը ՀԱԿ կուսացությա՞ն, թե՞ դաշինքի մասին է, իսկ հետո նշեց. «ՀԱԿ դաշինքից երեք կուսակցություն «Բարև, Երևան» դաշինքի մեջ են, գիտեմ նաև, որ Սոս Գիմիշյանի կուսակցությունն է աջակցում դաշինքին: Այնպես որ չորս-հինգ կուսակցություն գտնվում են ժողովրդի կողքին»:

Իսկ թե ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը կայանա, Պետրոս Մակեյանն ասաց, թե պետք է դասեր քաղել  նախադեպերից. «Կարծում եմ, որ պետք է փորձել: Բայց թելադրողը պետք է լինի ժողովուրդը: Ես պարզապես ուզում եմ ևս նշել, որ բաց քայլերը պետք է արվեն մինչև ապրիլի 9-ը: Եվ եթե ժողովրդի կողմից թելադրված երկխոսությունը չստացվի, ապրիլի 9-ը պետք է դառնա համաժողովդական ըմբոստացման օր»:

Պ. Մակեյանը նաև նշեց, թե ապրիլի 9-ը չպետք է դիտել որպես վերջնաժամկետ: Նրա խոսքով, եթե այսօրվանից սկսած Ազատության հրապարակում մարդկանց հոսքը շատանա, այդ օրը անելիք չի լինի:

Տեսանյութեր

Լրահոս