Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են խոհարարին, ով դանակահարել էր 2 երիտասարդի

Այսօր՝ մարտի 26-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողությունների արդյունքում հայտնաբերել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Աղաջանյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ին Դիլիջանի բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել էին, որ մարմնական վնասվածքներով մարմնի մասերին ստացած որովայնի և ազդրերի շրջանում ծակած-կտրած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Թեղուտ գյուղի բնակիչ, 24-ամյա Ալիկ Պողոսյանն ու 23-ամյա Գևորգ Սողոմոնյանը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին բժիշկները հայտնել են, որ տղաներն ի վիճակի չեն հայտարարություն տալ կատարվածի մասին: Կարճ ժամանակում ոստիկանությունը պարզում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Թեղուտ գյուղից, որտեղ ավտոմեքենան արագ քշելու համար վիճաբանություն է տեղի ունենում նրանց և Ա. Աղաջանյանի միջև, որի ժամանակ էլ Աղաջանյանը ավտոմեքենայից դուրս գալուց հետո իր մոտ եղած ծալովի դանակով հարվածներ է հասցնում համագյուղացիներին, ինչից հետո դիմում է փախուստի:

Ըստ տեղեկությունների՝ Ա. Պողոսյանն ու Գ. Սողոմոնյանը եղել են ոչ սթափ վիճակում, սակայն դրա վերջնական պատասխանը քննչական մարմինը կունենա փորձաքննության արդյունքների եզրակացությունը ստանալուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշվում է, որ Ա. Աղաջանյանը աշխատում է Տավուշի մարզում գործող «Ուռենի» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար:

Տեսանյութեր

Լրահոս