Տիգրան Ուրիխանյանը զարմանում է վարչապետապաշտպանների վրա

«Ես չգիտեմ, թե ինքն ում նկատի ուներ, որ պատասխանեմ, թող պարզաբանի, նոր պատասխանեմ: Բայց  առհասարակ, եթե վարչապետի պաշտպաններ կան և զբաղվում են վարչապետապաշտպանությամբ, պետք է դիտարկեն հետևյալը. տնտեսական պահպանված քաղաքականության պատասխանատուն վարչապետն է: Եթե որևէ մեկն ասածիս հետ համաձայն չէ, ապա զարմանում եմ»,- 168.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսի ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ կան ուժեր, որոնք բացարձակապես չեն պահանջում նախագահի հրաժարականը, չեն ասում, որ կեղծիքով է ընտրվել նախագահ, բայց օրը 25 անգամ ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա:  «Այսօրվա մեր քաղաքական իրականությունն այնպիսին է, որ վարչապետն ավելի քիչ լիազորություններ ունի,  քան որևէ նախարարի կամ օլիգարխի թեկնապահների շեֆը: Եվ եթե այսօր մեզ ուզում են քննադատել, թե տեսեք՝ դուք օրը 25 անգամ չեք պահանջում վարչապետի հրաժարականը, ես պարզ դեմագոգիա եմ տեսնում այդտեղ»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը:

Տիգրան Ուրիխանյանը պնդեց, որ  քանի դեռ իրենց կուսակցության անունը կոնկրետ չի տրվել, չի մեկնաբանի Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը՝ հակառակ մեր այն դիտարկմանը, թե ակնարկը շատ ակնհայտ էր, կամ ԲՀԿ-ից բացի՝ էլ ո՞ւմ կարող էր վերաբերել վերոհիշյալը:

Տիգրան Ուրիխանյանը չպատասխանեց նաև մեր այն հարցին, թե իրական ընդդիմադիր քաղաքական ուժն ում հրաժարականը պետք է պահանջի: «Ես չգիտեմ՝ իսկական ընդդիմադիրն ինչ պետք է անի, ես ընդդիմադիր կուսակցությունների անունից խոսելու կոմպետենտություն չունեմ»,- եզրափակեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս