Ո՞րն է Տարոն Մարգարյանի ամենամեծ բացթողումը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ այսօր հնարավորություն կա իշխանությանը թույլ չտալ վերարտադրվել Երևանում: Չնայած դրան, Վ. Խաչատրյանի խոսքով` ընտրախախտումների մեխանիզմը շարունակելու է գործել նաև այս ընտրություններում: «Քարոզարշավը կարող էր սկսվել` էլի նույն մոտեցումները, էլի թաղային հեղինակությունները, մարդկանց խմբեր հավաքելը, էլի անձնագրեր, էլի ստորագրություններ, բայց էդ ամեն ինչը, խնդրում եմ, չընդունեք, կոպիտ ասած` նվնվոց, դա պատկերավոր պետք է ներկայացվի, դա հակաօրինական գործունեություն է: Մենք ընդամենը սրա մասին ենք ֆիքսում: Պատրաստ ենք, նորից եմ կրկնում, որևէ ակնկալիք կամ ակնածանք չկա, որ կարող է իշխանությունը միանգամից իր դեմքը փոխի, փորձի ինչ-որ նորմալ կամ իդեալականի մոտ ընտրություններ անցկացնել, որ մենք ենք պատկերացնում, բայց մենք պիտի փորձենք հենց գալ դրան»,- ասաց Վ. Խաչատրյանը, ով վստահ է, որ իրենք հաղթելու են այդ ընտրություններում: Ի դեպ, նա նաև նշեց, որ միասնական շտաբի ստեղծման մասին ներքին բանակցություններ են ընթանում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև:
168.am-ի դիտարկմանը, որ այս օրերին գրեթե բոլոր թեկնածուներն էլ, այդ թվում՝ Վ. Խաչատրյանը, նշում են, որ իրենք հաղթելու են` չբացառելով, սակայն, ընտրախախտումների գործոնը, ի՞նչ երաշխիք ունեն, որ հաղթելու են, վերջինս պատասխանեց. «Հաղթանակը միասնական պայքարն է»: Նա նշեց, որ պետք է վերահսկել՝ յուրաքանչյուր տեղամասում նվազագույնը երեք մարդկանց միջոցով: Եվ կարևոր է լրագրողների մասնակցությունը, որոնք այդ ամենն արձանագրում են: «Երկրորդը`պետք է վերահսկել վստահված անձերի, հանձնաժողովի մեկ անդամի միջոցով, որոնք կկարողանան և՛ ցուցակները հսկել, և՛ ներս մտնող-դուրս եկողին հսկել, փորձել տիրապետել այդտեղ տիրող իրավիճակին: 168.am-ի հաջորդ հարցին, թե ո՞րն է համարում Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենամեծ բացթողումը, ՀԱԿ ցուցակը գլխավորող թեկնածուն պատասխանեց. «Ամենամեծ բացթողումն ինչ որ կատարվում է Երևանում, այն, որ Երևանը միայն Հանրապետական կուսակցության անդամների համար է, և օլիգարխների համար է, միգուցե իր խոսքը տեղ չհասցնե՞լը: Դժվար է ինձնից հետո եկող քաղաքապետերին գնահատական տալը, որպես մարդ, որ այդ պաշտոնում եղել է, շատ լավ պատկերացնում է, բայց ես բոլորին, հատկապես, վերջին 2000թ.-ից հետո աշխատողների մի բացթողում կարող եմ նշել այն, որ իրենց բիզնեսին ծառայելն ավելի կարևոր դարձավ, քան երևանցուն ծառայելը: Բոլորի մասին կարող եմ մի ընդհանուր վերնագիր ասել: Ինձ`որպես երևանցի, ոչինչ չեն տվել: Հա, լավ ա, ասենք, գնում ես սրճարաններում նստում ես, բայց ես առաջին հերթին՝ այլ միջավայր էի պատկերացնում ինձ համար: Ես ուզում եմ` որպես երևանցի, որպես քաղաքի միջավայրում մեծացած մարդ, լավ զգալ, բայց հիմա հասկանում եմ, որ դա չի լավ զգալու հանգամանքը, լավն էն ա, թե որ սրճարանում ով՝ ոնց ա նստում ու ինչ երաժշտություն ա լսում: Ես կուզեի, որ մենք` որպես քաղաքացի, հավասար լինեինք»: Նրա խոսքով` Երևանում բոլորը պետք է իրենց լավ զգան, և ոչ մեկն արտոնյալ կարգավիճակ չունենա: «Էլիտար մտածողությունը բերեց էլիտար Երևան ստեղծելու գաղափարին, որը ոչինչ է, էն, ինչը որ Հյուսիսային պողոտայում է»,- հավելեց նա: