
Ռուբեն Հակոբյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին

Խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված պատասխան նամակի մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ տրամաբանական է նամակում նշված Րաֆֆի Հովհաննիսյանի այն պահանջը, որ իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է լինել միայն Ազատության հրապարակում:
«Հացադուլն արդեն նոր իրավիճակ և նոր կարգավիճակ է ստեղծում պարոն Հովհաննիսյանի համար, և հասկանալի է, որ Ազատության հրապարակում կարելի է գտնել նաև տեղեր, որտեղ կարող են առանձին զրուցել, եթե հարմար կգտնեն այդ ձևաչափը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ նամակի վերաբերյալ հարցերին վաղն ավելի հանգամանալից կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ասուլիսում հնչեցված իր խոսքերն ավելի շատ իր անձնական կարծիքն են: Խոսելով Սերժ Սարգսյանի նամակի մասին՝ Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ նամակում օգտագործված «հում» բառն, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի խորհրդականների բառապաշարից էր: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի օգտագործել եփած կամ կիսաեփ առաջարկ արտահայտությունները: «Եթե իսկապես ցանկություն կա երկխոսության, դրական է տրամադրված Սերժ Սարգսյանը, պետք է խուսափի այն բառերից, որոնք կարող են խոչընդոտել երկխոսությանը: Եթե նորից պատասխան կլինի, ապա խորհուրդ կտամ այդ բառերից խուսափել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ռ. Հակոբյանը չպատասխանեց հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կլսի՞ արդյոք Սերժ Սարգսյանի կոչը և կդադարեցնի՞ հացադուլը՝ ասելով, որ այդ հարցին կպատասխանի Ր. Հովհաննիսյանը՝ վաղվա մամուլի ասուլիսում: Ռ. Հակոբյանը միայն կրկնեց Ր. Հովհաննիսյանի նամակում հնչեցրած այն միտքը, թե հացադուլը կապ չունի երկխոսության հետ, և, որ Ր. Հովհաննիսյանը շատ առողջ է և առույգ: