Սիլվա Ադամյան. «Գրանտներ չկան»

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը  մի քանի հասարակական կազմակերպությունների մեղադրում է Թուխմանուկի հանքավայրերի խնդիրների վերաբերյալ կանխամտածված անհիմն, փաստերին և իրականությանը չհամապատասխանող պնդումներ տարածելու մեջ:  «Ընդհանուր առմամբ, իրականության հետ որևէ աղերս չունեցող  այս և այլ պնդումներն անող անձինք ոչ միայն քաջատեղյակ են իրենց պնդումների շինծու և դիտավոր բնույթին, այլև գիտակցում են, որ ընկերությունը կամ «Մեգո Գոլդը» չեն խախտել բնապահպանական որևէ կանոնակարգ, հոգատար և պատասխանատու են միջավայրի պահպանության նկատմամբ»,- նշված  է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Որպես ընկերության մասին իրականությանը չհամապատասխանող պնդումներ տարածող՝ նշված են նաև «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանի, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, «Էկոլոգիական իրավունք» հ/կ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի անունները:

168.am-ի հետ զրույցում  Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենց կողմից  սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը վերցված է բացառապես լրատվամիջոցներից. «Կա տեղեկատվություն, որը վերցված է ռուսական կայքերից, արտասահմանյան կայքերից, և դա խնդիր չէ, երբ մեզ փորձում են բռնացնել հանցանքի վայրում, ասել՝ ինչո՞ւ եք ֆեյսբուքյան էջերում մեր մասին լրատվություն դրել: Դա մեր իրավունքն է: Մենք օգտվում ենք բոլոր այն լրատվամիջոցներից, որոնց շատ վստահում ենք, որոնց ինֆորմացիան մեզ համար նշանակություն ունի, և այդ կայքերն անում են շատ լուրջ վերլուծություններ»: Սիլվա Ադամյանի խոսքով՝ իրենք շուտով պատրաստվում են հրավիրել կլոր սեղան, որին կմասնակցեն թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Լրատվամիջոցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ընկերության ներկայացուցիչներին, նաև մեզ՝ այն բոլոր նամակների, գործընթացների մասին, որոնք մենք արել ենք վերջին ժամանակաշրջանում: Այդ կլոր սեղանը տեղի կունենա ապրիլին»:

Անդրադառնալով հաղորդագրության մեջ տեղ գտած այն մտքին, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շատ լավ տեղյակ են իրականությանը, սակայն շինծու պնդումներ են անում, Սիլվա Ադամյանը նշեց. «Բանը նրանում է, որ մենք ունենք լուրջ փորձագիտական տվյալներ, և մենք չենք ձևափոխում ոչ մի իրականություն: Մենք ունենք փաստաթղթերի փաթեթ, որն ուսումնասիրվում է մեր փորձագետների կողմից: Կլոր սեղանի ժամանակ մենք հանրությանը կներկայացնենք մեր ամբողջ ուսումնասիրությունները, «Գլոբալ Գոլդն» էլ հնարավորություն կունենա արտահայտել իր տեսակետը»:

Հաղորդագրությունում   «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը նաև նշել է, որ ընկերությունը տեղեկացել է՝  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «դիմել են որոշ միջազգային և տեղական աղբյուրների՝ Թուխմանուկի հանքավայրում բնապահպանական խնդիրների բացահայտումն ու վերացումը ֆինանսավորելու դիմումներով, հաճախ կրկնվող և հիվանդագին հետևողականությամբ»: Սիլվա Ադամյանն ասաց, որ իրենք աշխատում են շատ փոքր ծրագրի շրջանակներում. «Այն կոչվում է՝ դեբատներ հանրության հետ: Դա շատ փոքր ծրագիր է, որի շրջանակներում մենք պետք է դեբատներ կազմակերպենք: Լուրջ ոչ մի բան չկա, այսինքն՝ այն, ինչ իրենք են պատկերացնում՝ գրանտներ, չկան: Չկա նման բան: Կլոր սեղանի ընթացքում կլինեն այն բոլոր կազմակերպությունները, որոնց հետ մենք աշխատում ենք: Այդ ամենը փակ չէ, բաց է»:

Հակոբ Սանասարյանի մեկնաբանությունը հարցի վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս