Իսլամը ստիպված է ընթանալ արդիականացման ճանապարհով. ռուս փորձագետ
Expert.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ տարին նշանավորվեց կրոնի շուրջ ստեղծված լարվածության աննախադեպ աճով: Խոսքը գնում է Pussy Riot-ի գործի, Թաթարստանի մուսուլմանների հոգևոր վարչության ղեկավարության նկատմամբ ամռանը իրագործված մահափորձի (որի հետևանքով սպանվեց հանրապետության մուֆթիի տեղակալ Վալիուլլա Յակուպովը), Դաղստանի շեյխ Սայիդ-Աֆանդի Չիրկեյսկու սպանության մասին:
Այս ամենը ցույց տվեց, որ ծայրահեղականները «մաքուր իսլամի» կարգախոսի ներքո գործնականում պատրաստ են ամեն ինչի: Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռինատ Պատեևը, ով հեղինակ է երկու մենագրության՝ «Իսլամը Ռոստովի մարզում» և «Ռուսաստանում մուսուլմանական կազմավորման քաղաքական ասպեկտները. պատմությունը և ներկան».
«Վերջին տարիներին ռուսական հասարակական կյանքում իսլամի ակնառու երևույթի վերածվելը չպետք է շաղկապել Մերձավոր Արևելքի երկրների իրադարձությունների հետ: «Արաբական գարնան» մեջ առաջին հերթին գերիշխող գործոն է հանդիսացել սոցիալական խռովությունը, կրոնական կարգախոսներով բողոքը: Բացի այդ, այնտեղ հստակ նկատվում էին Արևմուտքի որոշակի քաղաքական շահեր:
Հյուսիսային Կովկասի իրադարձությունների հետ կապված՝ հասարակության մեծ մասն ապրում է իր անձնական խնդիրներով, այստեղ չի կարելի խոսել զանգվածային բողոքի ու սոցիալական խռովության մասին: Այստեղ բողոքավորները հիմնականում որոշակի կրոնական հոսանքների ու խմբերի առանձին ներկայացուցիչներ են:
Ներկայումս Կովկասում ընթացող իրադարձություններն ամենից առաջ վկայում են, որ արմատական գաղափարները տարածվում են սոցիալ-մշակութային տիրույթում և հասարակությանը պառակտում են երկու ուղղությամբ. իրական և ոչ իրական մուսուլման, և ոչ թե միայն ռուս կամ ոչ ռուս: Այդ գործընթացը հանգեցնում է մուսուլմանական համայնքի ներսահմանազատմանը, ինչը պակաս վտանգավոր իրավիճակ չէ:
Դաղստանում ներկայումս առկա է ավելի քան 2000 մզկիթ, մինչ վերջերս այնտեղ գործում էր 15 ուսումնական հաստատություն, որոնք հավակնում էին իսլամական բուհի կոչմանը և որոնք տալիս էին մեծ թվով շրջանավարտներ:
Արդյունքում այսօր կան վիթխարի քանակությամբ մարդիկ, որոնք հանդես են գալիս իսլամի անունից: Սովորաբար նրանք ունեն միայն կրոնական նախնական կրթություն, ինչի հետ մեկտեղ նրանք իրականացնում են կրոնական ակտիվ գործունեություն և իրենց հայտարարում են ամիրա, մուֆթի կամ իմամ:
1990-ական թվականների սկզբին կրոնը դադարեց պարզապես հոգևոր կարիքների իրագործման ոլորտ հանդիսանալուց և վերածվեց նաև քաղաքական գործիքի: Արդեն 2000-ական թվականների սկզբին Ռուսաստանում փորձեր են ձեռնարկվել ստեղծել կրոնական կրթության ժամանակակից աշխարհիկ համակարգ, սակայն այդ պլանը ձախողվեց: Որոշակի ուժեր աշխարհաքաղաքական մասշտաբով փորձում են իսլամական գործոնի միջոցով բավական ցինիկաբար գործել Ռուսաստանի դեմ: Արևմուտքի համար Ռուսաստանում իսլամը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին PR արտադրանք է:
Այժմ իսլամը գնալով ավելի նկատելի է դառնում Ռուսաստանի այն շրջաններում, ուր այն նախկինում չի եղել, և դա ռուս բնակչության շրջանում առաջացնում է իսլամատյացություն: Իրավիճակը պայթունավտանգ է: Վաղը կենցաղային հիմքով յուրաքանչյուր բախում կարող է մամուլում մեկնաբանվել որպես քաղաքակրթությունների բախում: Իսլամին անհրաժեշտ է վերաբեռնում: Իսլամը ստիպված է ընթանալ արդիականացման ճանապարհով»: