Թուրքիայի ԱԳՆ-ը զգուշացրել է Կիպրոսին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Անկարայի համար անընդունելի է Կիպրոսի իշխանությունների այն մտադրությունը, որն առնչվում է բնական պաշարների հաշվին միակողմանիորեն սեփական տնտեսական խնդիրները լուծելուն:
Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով, այդ պաշարները պատկանում են նաև ինքնահռչակ ՀյուսիսայինԿիպրոսի թուրքական հանրապետությանը. «Մենք չենք կարող համաձայնել նրա հետ, որ (Կիպրոսը) կօգտվի առաջացած տնտեսական ճգնաժամից՝ այդ հարցն առանց փոխադարձ քննարկման լուծելու համար»:
2012 թվականի աշնանը Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ կիպրական շելֆում գազի պաշարները կարող են կազմել 1.7 տրիլիոն խորանարդ մետր և գնահատվել 2 տրիլիոն եվրո: 2013 թվականի հունվարին Հունաստանում Կիպրոսի դեսպանը նոր տվյալներ ներկայացրեց գազային պաշարների մասին՝ 3.4 տրիլիոն խորանարդ մետր գազ և 235 միլիոն տոննա նավթ:
Հիշեցնենք, որ Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»: