Իրանի ռազմածովային ուժերն ընդլայնելու են իրենց ներկայությունը միջազգային ջրերում
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրանցի պատգամավոր, խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոկարն ընդգծել է Իրանի ռազմածովային ուժերի բարձր հնարավորությունները:
Նա հավելել է, որ իրանական նավատորմը մտադիր է ընդլայնել սեփական ներկայությունը միջազգային ջրերում. «Իրանի զինված ուժերը վերջին տարիներին նվաճել են տակտիկական ու տեխնոլոգիական բարձունքները: Ներկայումս Իրանի ռազմածովային նավատորմը հանդիսանում է անդրտարածաշրջանային ծովային ուժ»:
Նշվում է, որ մարտի 21-ին Իրանի ռազմածովային ուժերի 24-րդ նավատորմը կայանել է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում, ինչին նախորդել են Մալակկայի նեղուցում պարեկություն կատարելը և Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներում առաքելություն կատարելը:
«Սաբալան» էսկադրոնային ականակրից և «Խարգ» ուղղաթիռակիր նավից բաղկացած 24-ր դնավատորմը Սեյեդ Օմիդ Գոլեստանեի գլխավորությամբ 40 օրում հաղթահարել է 13.000 կիլոմետր հեռավորություն և խարիսխ է գցել Չինաստանի Ժանգժիագանգ նավահանգստում: Սա առաջին դեպքն է, որ իրանական ռազմանավերը հայտնվում են Խաղաղ օվկիանոսում: