«Ր.Հովհաննիսյանի երդմնակալությունը՝ ապրիլի 9-ին»
Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական ֆորումում նախ ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին Ծաղկազարդի տոնի առթիվ, ապա հայտնել, որ այսօրվանից մեկնարկում է քաղաքացիական խորհուրդի երկրորդ շրջանը: Այս մասին հաղորդում galatv.am-ը:
Նա հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն մինչև հինգշաբթի: Շաբաթվա ընթացքում նախատեսված է նաև երեք մամուլի ասուլիս, իսկ հերթական հանրահավաքը տեղի կունենա ուրբաթ օրը, որի ժամանակ «Ժառանգության» առաջնորդի խոսքերով՝ ինքը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Ապա խոսքը փոխանցվել է հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանին: Վերջինս հայտնել է, որ պատկերացումները Հայաստանի նկատմամբ ցավոք սրտի իրականություն չդարձան:
«Մենք պատկերացնում էինք, որ մեր երկիրը կդառնար իսկական ժողովրդավարական երկիր, սակայն այդպես չեղավ: Երբ մարդը տեսնում է, թե ինչպես են իր աչքի առաջ ոտնահարում իր իրավունքները, երբ չկա արդարություն, չի էլ կարող լինել ոչ իրավական, ոչ էլ սոցիալական երկիր: Մենք տեսնում ենք, որ ամեն մի երկիր, որտեղ ավելանում է հարուստների թիվը, համապատասխանաբար աղքատների թիվը նվազում է կամ վերանում, մեզ մոտ հակառակն է տեղի ունենում՝ հարուստների թիվը երբ ավելանում է, դրան զուգահեռ աղքատների թվի կտրուկ աճ է տեղի ունենում»,- ասել է Արկադի Վարդանյանը:
Նա խոսել է նաև արտագաղթից՝ նշելով, որ արտագաղթի տեմպերը զգալիորեն ավելացել են, երկիրը ոչնչացման եզրին է: «Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը այսօր զարթոնք է ապրել և ցանկանում է վերջ տալ այս ռեժիմին»,- ասել է բանախոսը:
Այն առաջարկները, որոնք արվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, կարող են նպաստել երկրում առկա իրավիճակի փոփոխությանը: «Սակայն, իհարկե, եթե դե ֆակտո նախագահը հարկ համարի դրանք մեկ առ մեկ ուսումնասիրել և պատասխան տալ, բայց ես կարծում եմ, որ դրանց պատասխան կտրվի, որովհետև դե ֆակտո նախագահը մենակ է կայացնելու այդ որոշումը»,- ասել է նա:
Նա կոչ է արել ժողովրդին մեկ մարդու նման մասնակցել ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, որը նախնական տվյալներով տեղի կունենա ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում:
Իսկ Վարդան Խաչատրյանը ելույթ ունենալով նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է տեր կանգնի դրան: «Բազմանում է չինովնիկությունը, բայց ոչ սեռական ճանապարհով, ժողովրդավարական երկրներում չինովնիկների թվի նվազում է նկատվում, ինչը չի կարելի ասել մեր երկրի դեպքում»: