Նոր Նորքի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին քաղաքապետի տղայի նկատմամբ մահափորձ կատարածներին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ավագ քննիչ Ռոբերտ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (հանցափորձ, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում հնչած կրակոցների փաստով: Այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում կրակոցներ են հնչել:

Կարճ ժամանակում նշված վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները որոնողական աշխատանքների արդյունքում հրազենային վնասվածքներով հայտնաբերել են մի քաղաքացու, ում ոստիկանների կանչով շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Նշված վայր են ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քնչչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները, և տեղում կազմել են մի քանի օպերատիվ քննչական խմբեր: Օպերատիվ քննչական խմբերը նշված վայրում հայտնաբերել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 4 կրակված պարկուճ, ինչպես նաև Մարգուլին տեսակի ատրճանակաից կրակված Տոզ տեսակի 4 պարկուճ:

Հաշվի առնելով կատարված հանցագործության վտանգավորությունը՝ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Ասատրյանը և Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանն ու Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:

Ոստիկանությունը պարզել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Երևան քաղաքի Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանն է, իսկ նրա հետ այդ պահին եղել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան 86 տան բնակիչ 27-ամյա Անուշավան Մանուչարյանը, և երբ նրանք միասին են եղել, անհայտ անձինք կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, սակայն Ա. Մանուչարյանը դիմել է փախուստի, ու կրակողներից մեկը հետապնդել է նրան մինչև այն պահը, երբ Ա. Մանուչարյանը մտել է իր բնակության վայրի շքամուտք, հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ հետապնդողի կողմից արձակված կրակոցներից վնասվել է վերելակի դուռը, Մանուչարյանի տան մուտքի դուռը, որի վրա կան կրակոցների հետքեր: Բարեբախտաբար, Ա. Մանուչարյանը վնասվածքներ չի ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մանուչարյանն աշխատում է Բերդ քաղաքի էլեկտրոցանցի պետ, իսկ նրա հայրը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է:

Նշվում է, որ օպերատիվ քննչական խմբերը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, թե ովքեր են կատարել կրակոցները: Գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում կրակոցներ արձակողները հայտնաբերվել են և բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բաժնում հավաքվածները Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանն էին, ովքեր ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկացրել են նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հանցագործությունը կատարած Վ. Հովհաննիսյանն ու Հ. Հարությունյանը քննիչ Ռ. Գրիգորյանի կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Տեսանյութեր

Լրահոս