ԲՀԿ-ն չի պատրաստվում մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը
«Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները չենք քննարկել կուսակցությունում, ուստի «Բարգավաճ Հայաստանի» տեսակետ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկների վերաբերյալ չեմ կարող տալ և չեմ էլ կարծում, որ մենք դա քննարկենք, որովհետև դա բացառապես «Ժառանգության» գործն է, իրենց նպատակահարմարության խնդիրն է»,-168.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք պահանջներ ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին` մասնավորապես, առաջարկելով անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ընդդիմությանը փոխանցել պետական մի շարք պաշտոններ, կատարել օրենսդրական և սահմանադրական փոփոխություններ:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքերով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմը նպատակահարմար են գտել նման առաջարկով հանդես գալ, ի՞նչ գնահատական կարող է տալ ԲՀԿ-ն: «Իրենց իրավունք է, եթե իրենք գտնում են, որ իրենց ռազմավարությունն այդ կերպ պետք է շարունակեն, մենք այստեղ, որևէ գնահատական չունենք տալու»,-վստահեցրեց Նաիրա Զոհրաբյանը: