Թուրքիան ռազմանավեր է կառուցելու Չինաստանի համար
Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ թուրքական նավաշինարաններում ռազմանավեր են կառուցվելու Չինաստանի համար: Այս մասին Europort Istanbul ծովային ինդուստրիայի միջազգային տոնավաճառի բացման ժամանակ հայտարարել է Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շիլյան Սուն:
Վերջինս հավելել է, որ չինական պատվիրակությունը 3 օր է գտնվելու Թուրքիայում և ունենալու է տարբեր հանդիպումներ՝ քննարկելու համար ռազմանավերի կառուցման հարցում համագործակցության հարցը: Ծովակալը, ով մտադիր է այցելել թուրքական նավաշինարաններ, ընդգծել է Թուրքիայի հաջողությունները ռազմական նավաշինության հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում MILGEM (Milli Gemi – Ազգային նավ) ծրագիրն ընդունվել է 1996 թվականին` մարտական նավեր արտադրող այլ պետություններից ունեցած կախումը նվազեցնելու նպատակով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2000 թվականի փետրվարի 15-ին:
Այդ ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի վերջին Ստամբուլում ջուրն իջեցվեց «Հեյբելիադա» (F-511) կորվետը, ինչի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այդուհետ մտավ աշխարհի 10 երկրների շարքը, որոնք ռազմանավ են արտադրում:
MILGEM դասի թուրքական արտադրության առաջին էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի կազմը համալրելու է մինչև 2016 թվականի վերջը: Սեփական սուզանավի զարգացման հեռանկարների վերաբերյալ հետազոտությունն ավարտվելու է մինչև 2015թվականը: Թուրքիան պլանավորել է կառուցել նաև սեփական ավիակիր: Այն կառուցվելու է 5 տարվա ընթացքում և փորձարկումներից հետո՝ 6-7 տարի անց, հանձնվելու է շահագործման: