ՀՀԿ-ն պատրաստ է զիջումների

«Րաֆֆի Հովհաննիսյանը ռոմանտիզմի, ընդամենը հայտարարությունների դաշտից  տեղափոխվեց մի փոքր իրատեսական դաշտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած պահանջները: Նա, ընդհանուր առմամբ, կառուցողական է համարում Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ հնչեցրած ելույթը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը երեկ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «շարունակել մնալ դե ֆակտո նախագահ»՝ դրա դիմաց պահանջելով որոշակի քայլեր, այդ թվում՝ այսպես կոչված, անցումային փուլում 8 գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ՝ գլխավոր դատախազի, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Կրթության և գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի և Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները:

Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մի մասը կարող է քննարկման առարկա դառնալ: «Արտահերթ նախագահական ընտրությունների ոչ  նախադրյալները, ոչ էլ իրավական հիմքն այլևս կան: Մենք իրավական պետություն ենք, ընտրությունները կայացած են,  կա Սահմանադրական դատարանի որոշում նաև այս պարագայում:  Կարծում եմ` այս խնդրին անդրադառնալը մի փոքր տեղին չէ և կարող է դառնալ ընդամենը շահարկման թեմա: Պաշտոնների նշանակելը, սակայն, կարծում եմ՝ քննարկելու խնդիր է, և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է: Դրանք և իրատեսական են, և այս փուլում կարելի է առաջին փոքրիկ, բայց առաջընթացը գրանցել»,- նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Նա ավելացրեց նաև, որ սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ևս ընդունելի են: Հովհաննես Սահակյանի խոսքերով, Ընտրական օրենսգրքի տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես` համամասնական ընտրակարգի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու իրավունքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքի փոփոխությունը և մի շարք հարցեր կարող են քննարկվել  աշխատանքային կարգով ձևավորված  խմբում և համապատասխան լուծումները ստանալ:

Կարդացեք նաև

Հարցին, թե պետական առանցքային պաշտոնները, մասնավորապես՝ Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունները զիջելու դեպքում արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի թուլացնի իր իշխանությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.«Դա նախագահի լիազորությունների տիրույթում է, և իր որոշելու խնդիրն է, ես` որպես խմբակցության քարտուղար, չեմ որոշում՝ մարզպետը սա՞ է լինելու, թե՞ մեկ ուրիշը, ուստի երբևէ չեմ մտել այն դաշտը, որն իմ գործողությունների տիրույթում չէ»:

Տեսանյութեր

Լրահոս