Ավիգդոր Լիբերմանը «կոպիտ սխալ» է որակել Թուրքիայից ներողություն խնդրելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին, հնարավոր է՝ նաև ապագա արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը «կոպիտ սխալ» է որակել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից ներողություն խնդրելը:

Լիբերմանն անտեղի է համարել ներողության խնդրումը, քանի որ իսրայելական «կոմանդոսները» «Ազատության նավատորմի» ֆլագման հանդիսացող թուրքական «Մավի Մարմարա» նավում դիմել են ինքնապաշտպանության՝ բախվելով Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձողների կատաղի դիմադրությանը.

«Նմանատիպ ներողությունը խաթարում է իսրայելցի զինվորականների գործելու դրդապատճառները, ամրապնդում է ծայրահեղականների դիրքերը և վնաս է պատճառում ահաբեկչության դեմ անզիջում պայքարին: Իսրայելի կողմից ներողություն խնդրելը վնաս է պատճառում ազգային արժանապատվությանը և խաթարում է մեր դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ու միջազգային արենայում»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Լիբերմանը մշտապես հանդիսացել է դրա համար Թուրքիայից ներողություն խնդրելու կատաղի հակառակորդ: Ավելին, նա անգամ Թուրքիայի դեմ հակաքայլերի պլան էր մշակել, որում տեղ էին զբաղեցրել նաև Հայոց ցեղասպանության հարցը և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործոնից օգտվելը:

Տեսանյութեր

Լրահոս