Բաժիններ՝

Ո՞ւմ վրեժն էր լուծում Գալստյան Վրեժը

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում գործընկերներով դուրս էինք գալիս ԱԺ շենքի ետնամուտքից: Շենքի դիմաց` աստիճանահարթակին, կանգնած էր շտապ օգնության մեքենա, որտեղից բժիշկները պատգարակ էին դուրս բերում: Մոխրագույն վերնազգեստով մի երիտասարդ արյունլվա վիճակում գալարվում էր գետնին: Նրան շրջապատող անվտանգության ծառայողները մեզ չթույլատրեցին մոտենալ` հրահանգելով անմիջապես դուրս գալ ԱԺ տարածքից:

Ներքևում ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները լարված էին` ինչ-որ բան էին փնտրում խոտերի մեջ: Մոտեցանք նրանց` հետաքրքրվելով, թե ի՞նչ է եղել, ո՞վ է վիրավորը, արդյո՞ք ԱԺ աշխատակիցներից է: «Մենք ոչ մի բան չգիտենք»,- պատասխանեցին: Նրանցից մի քանի մետր հեռու կանգնած էին Անցագրային բաժնի աշխատակիցները: Նրանք ևս անտեղյակ էին, թե ինչ է կատարվել, սակայն ասացին, որ երիտասարդն ԱԺ աշխատողներից չէր, դրսից է եկել, ընդ որում` շեշտեցին, որ այդ երիտասարդի մոտ եղել է ԱԺ մուտք գործելու հայտ:

«Իսկ ո՞ւմ մոտ էր գնում այդ երիտասարդը»,- հետաքրքրվեցինք, սակայն պատասխան չստացանք: Հետո լուրեր հայտնվեցին, որ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձել է մուտք գործել ԱԺ ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ` հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:

Նշենք, որ դեպքին հաջորդած առաջին լուրերը կարդալիս` այնպիսի տպավորություն էր, որ երիտասարդին վնասազերծել են ԱԺ տարածքից դուրս, երբ նա փորձել է անցնել անցակետով: Սակայն, ինչպես նշեցինք, երիտասարդը գտնվել է ԱԺ տարածքում: Ճիշտ է՝ շենքից դուրս, սակայն ցանկապատերից ներս՝ ԱԺ աստիճանահարթակին, որից մի քանի մետր այն կողմ գնալով, նա կհայտնվեր ԱԺ շենքի ներսում: Նա վիրավորվել է ԱԺ շենքի գլխավոր մուտքի առաջին աստիճանահարթակում: Նշված տարածքում հայտնվելու համար կա երկու տարբերակ՝ կամ պետք է աննկատ անցնել՝ խույս տալով հսկողություն իրականացնողների ուշադրությունից, կամ՝ մուտք գործել անցագրով: Եթե գործ ունենք առաջին տարբերակի հետ, այսինքն` երիտասարդն օրը ցերեկով կարողացել է աննկատ հայտնվել ԱԺ ցանկապատերից այն կողմ, ուրեմն` ԱԺ պահպանությունն իրականացնող անձինք, մեղմ ասած, հանցավոր անփութություն են դրսևորել: Իսկ եթե օրինական ճանապարհով է ներս մտել, ապա հարցերն ավելի են սրվում:

Հարց 1. Ինչպե՞ս է կարողացել երիտասարդը դանակը գրպանում անցնել մետաղորսիչ սարքի տակով;

Հարց 2. Ի՞նչ և ո՞ւմ հետ կոնֆլիկտ կարող էր առաջանալ այդ տարածքում:

Հարց 3. Ո՞ւմ մոտ էր բարձրանում այդ երիտասարդը: ԱԺ մուտք գործելու համար հարկավոր է ունենալ անցագիր, կամ` հայտ (ժամանակավոր, որտեղ նշվում է, թե որ ժամին է մուտք գործում, ում մոտ, և որ ժամին է լքում տվյալ անձը ԱԺ տարածքը): Այսինքն` պատգամավորներից կամ աշխատակազմից որևէ մեկի անունով պետք է հայտ իջեցվի այս կամ այն անձին ԱԺ տարածք թույլատրելու համար:
Այս հարցերի պատասխանները դեռևս չկան:

Մեզ հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվի Բաղրամյանը հաստատեց, որ կրակոցի միջադեպ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի է ունեցել: Նրա փոխանցմամբ` հանգամանքները պարզվում են: Իսկ թե ո՞վ է եղել այդ անձը, ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը, և ո՞ր հիվանդանոց են տեղափոխել վիրավորին, Արծվի Բաղրամյանը չասաց` բացատրելով, որ մանրամասներին ծանոթ չէ, և հանգամանքները պարզվում են:

Ավելի ուշ մենք դարձյալ գնացինք դեպքի վայր, սակայն ԱԺ ընդունարանում ասացին, որ լրագրողների մուտքն արգելվում է: Հետևաբար, մենք ստիպված էինք ԱԺ անցուդարձին հետևել դարպասների մոտից: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ԱԺ բակում հավաքվել էին ՀՀ նախագահի Անվտանգության ծառայության աշխատակիցները` ծառայության պետ Հրաչ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էին նաև ոստիկաններ: Որոշ ժամանակ անց նրանք լքեցին ԱԺ տարածքը: Այս ընթացքում, սակայն, ԶԼՄ-ներն արդեն հրապարակել էին, որ ԱԺ ներխուժած երիտասարդը Վրեժ Գալստյանն է, 25 տարեկան է (1988թ. ծնված), Մասիսից է և ունի հոգեկան խնդիրներ: Ի դեպ, նշենք, որ, ըստ ԶԼՄ-ների, Վ. Գալստյանն ԱԺ անվտանգության ծառայողներին էր ներկայացել` որպես «Հիսուս Քրիստոս»:

Ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքէջում անդրադառնալով կատարված դեպքին` նշել էր, որ Վ. Գալստյանը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին և իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո: Ուստիև քաղաքացու տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, գոտկատեղից ներքև` ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք: Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ Գլխավոր դատախազության նախնական տվյալների` Վ. Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: «Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են, այդ թվում, ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը և տեսագրությունները: Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաև հանրությանը: Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն»,- ասվում է Գլխավոր դատախազության կայքէջում:

Ինչևէ, դեպքից անմիջապես հետո Վ. Գալստյանին տեղափոխել էին Երևանի թիվ 1 հիվանդանոց: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Միկրովիրաբուժության ամբիոնի վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հիվանդը ստացել է հրազենային վնասվածք` մուտքով և ելքով: Այսինքն` փամփուշտը մտել է և դուրս է եկել մարմնից: Վնասվածքը եղել է ազդրի վերին երրորդական հատվածում: Հրազենային վնասվածքի հետևանքները, բնականաբար, ծանր են, և այդ պատճառով է կատարվում վիրահատությունը:

Եթե չվիրահատվի` կարող է առաջանալ փտախտի վտանգ»: Մեկ ժամ անց մենք կրկին այցելեցինք հիվանդանոց: Ընդ որում` հայտնվեցինք բավական անհասկանալի իրավիճակում` հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում ասացին, որ Վ. Գալստյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վերակենդանացման բաժանմունքում էլ ասացին, թե` հակառակը` իրենք հիվանդին տարել են վիրաբուժական բաժանմունք: Այս քաշքշուկից հետո վերջապես պարզ դարձավ, որ Վ. Գալստյանը գտնվում էր Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այստեղ էլ մեզ նախ` ասացին, թե վիրահատությունը դեռևս ընթանում է, ապա րոպեներ անց բաժանմունքի պատասխանատու Վահան Ճարտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վ. Գալստյանին արդեն վիրահատել են:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նրա վիճակը, Վ. Ճարտանյանը պատասխանեց. «Վիրահատությունը տևել է կարճ, հիվանդը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը: Կատարվել է վիրավորման դաշտի առաջնային վիրաբուժօգնություն: Վիճակը գնահատում ենք բավարար` կրած վիրահատությանը համապատասխան»:

Երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վ. Գալստյանի հարազատները տեղյակ են այդ մասին, արդյո՞ք տեսակցության եկել են, Վ. Ճարտանյանը նշեց, որ մինչ այդ պահն ինքը որևէ մեկի չէր տեսել: Հավելենք նաև, որ Վ. Գալստյանին վերահսկում են Ոստիկանության աշխատակիցները: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ Վ. Գալստյանի մայրը գնացել էր Ոստիկանություն: Այստեղ հետաքրքիրն այն է, որ մայրը տեղյակ է եղել որդու հետ կատարված դեպքի մասին, սակայն այդպես էլ` գոնե մինչ երեկ երեկո, հիվանդանոց չէր գնացել որդուն տեսակցելու…

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս