
Վրաստանի խորհրդարանը պատգամավորներին պարտադրել է աշխատանքի գալ կոստյումներով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ իր լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է երկրի օրենսդիր մարմնի կանոնակարգում ուղղումներ մտցնելը: Դրանց համաձայն պատգամավորները պետք է աշխատանքի գան գործնական կամ ազգային կոստյումներով:
Տվյալ օրինագծի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ դեմ՝ 1-ը: Վրաստանի խորհրդարանն ընդհանուր առմամբ ունի 150 պատգամավոր, սակայն ներկա դրությամբ 3 մանդատ թափուր է մնացել, քանի որ երեք պատգամավոր անցել է գործադիր իշխանություն:
Օրինագծի տեքստում գրված է, որ պատգամավորի հագուստի ոճը պետք է լինի կամ արձանագրային-գործնական, կամ՝ ազգային: Օրինագծի հեղինակը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Բիձինա Գուջաբիձեն է, օրինագծի նպատակներից մեկը Վրաստանի ազգային ու մշակութային ժառանգությունը հանրաճանաչ դարձնելն է:
Այս ուղղումներն ուժ կստանան նախագահի կողմից ստորագրվելուց և օրենսդիր մարմնի կայքում հրապարակվելուց հետո: