Բաժիններ՝

Մեկնարկում է Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլը

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության(«Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ,  այսօր՝ մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանն այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ- Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:

«Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ Երևակայության գավաթը աշխարհի ամենամեծ ուսանողական մրցույթն է, որին մասնակցել են ավելի քամ 1մլն ուսանողներ աշխարհի 183 երկրներից: Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը և համաշխարհային խնդիրների լուծմանը:

Մրցույթը Հայաստանում տեղի է ունենում արդեն 6-րդ անգամ, հայկական ընտրական փուլը հաղթահարած թիմերը ըստ Գ. Բարսեղյանի կարողանում են բավականին հետաքրքիր ծրագրային լուծումներ առաջարկել, հայ մասնակիցները սակայն հիմնականում թերանում են  իրենց ծրագրերի ներկայացման և մարկետինգային հմտություններով: Հենց թերությունների շտկման ուղղությամբ տարվող աշխատանքները իրենց արդյունքները տալիս են և մեր թիմը, ըստ բանախոսի, կարողանում է տարեցտարի ավելի պատշաճ կերպով ներկայանալ համաշխարհային եզրափակիչում:

Կարդացեք նաև

«Մեր հիմնական նպատակը, սակայն, հենց բուն մրցույթը չէ, այլ այդ գործընթացի շարունակականությունը տեսնելը: Այսինքն՝ մեզ համար ամենակարևոր արդյունքն այն է, երբ  ստեղծվում են նոր ընկերություններ, նոր գաղափարներ և դառնում են բիզնես»,- ասաց Գ. Բարսեղյանը:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանի խոսքով՝ ցանկացած թիմ, որն ունի լավ գաղափար, ըստ էության, կարող է մասնակցել մրցույթին, սակայն փորձը ցույց է տալիս, որ գաղափարը կարելի է լավացնել, դրա իրականացմանը կարելի է օգնել, կարելի է օգնել նաև, որպեսզի թիմերը լավ ներկայանան, սակայն ամենակարևորը՝ ուժեղ թիմի առկայությունն է:

«Մենք այս տարի հատուկ ուշադրություն ենք դարձնելու թիմային աշխատանքին, քանի որ այդ լավ գաղափարը կյանքի կոչելու համար, նախևառաջ կարևոր է, որ ուժեղ թիմ լինի, որը պատրաստ է այդ գաղափարը կյանքի կոչել»,- ասաց Ե. Հյուսյանը՝ նշելով, որ այս տարվա ակնկալիքքները ավելի մեծ են:

Նա տեղեկացրեց նաև, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ դիմում- հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2013թ.-ի ապրիլի 8-ն է, մասնակցության հայտերը կարելի է ներբեռնել www.mic.am կայքից: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.imaginecup.am:

Նշենք նաև, որ այս տարի «Մայքրոսոֆթ» ընկերությունը կրկնապատկել է մրցույթի հաղթող թիմերի պարգևատրման գումարը՝ հասցնելով այն 300. 000 դոլարի:

Ի դեպ, ասուլիսի ավարտին անցյալ տարվա հայաստանյան մրցույթի հաղթող թիմին հանձնվեց «Մայքրոսոֆթ»-ի կողմից նախատեսված պարգևները՝ Windws 8-ով հագեցած ուլտրաբուքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս