Սերժ Սարգսյանի արհամարհանքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Այսօր րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ասաց, որ ՍԴ-ն իր կերպարը չի փոխել և ապացուցել է, որ կազմում է գործադիր իշխանության մաս: Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ն ամբողջությամբ ողողված է եղել իրենց ներկայացրած ապացույցներով, սակայն այն հերթական անգամ փաստել է իր երդմնակալությունը քրեական աշխարհի ներկայացուցիչների առջև:
«Չէի ուզի մանրամասն անդրադառնալ Սերժ Սարգսյանի ասուլիսին,բայց, թերևս, այդ ասուլիսի ամենավիրավորական պահն այն էր, որ մերժված առաջարկությունը, կրկնում եմ ՝մերժված առաջարկությունը, որ ներակայացվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, փոխանցվել է իմ կողմից իշխանության ներկայացուցիչներին, նորից փակ ծրարով ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:
Դիվանագիտական արարողակարգով, եթե մերժված առաջարկությունը նորից հետ է վերադարձվում դիմացինին, դա դիտարկվում է վիրավորանք, արհամարհանք դիմացինի նկատմամբ»,- ասաց Ռ. Հակոբյանը, ում խոսքով՝ իշխանությունն ընդհանրապես ցանկություն չունի ելք առաջարկել ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար:
Նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել և իրենք նրան պարտադրելու են խաղաղություն:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական պատգմավորների այն հայտարարությանը, թե պայքարը լինելու է երկրորդ տեղի համար, Ռ. Հակոբյանն ասաց. «Նման ձևակերպում նաև տրվեց նախագահական ընտրություններին, և մենք պատասխանեցինք, այո, երկրորդ տեղի համար է խոսքը գնում, բայց թե ո՞վ պետք է պայքարի այդ երկրորդ տեղի համար, կյանքը ցույց տվեց, որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը»: