Կարեն Կարապետյանը նամակով դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին. Մարդկայնորեն խնդրում եմ՝ ընտրել պայքարի այլ եղանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նամակով դիմել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որտեղ, ըստ news.am-ի՝ նա կոչ անելով ընտրել երկխոսության, համերաշխության, կառուցողական ճանապարհը:

«Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղ գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ հնչել են տարբեր տեսակետներ: Մասնավորաբար, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե պայքարի նման ձևն իր համար ընդունելի չէ: Իսկ հատկապես ինչն է նա համարում անընդունելի…

«Նախ պետք է նշեմ, որ ես իմ տեսակետն եմ արտահայտում առաջին հերթին ոչ թե որպես պատգամավոր կամ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ, ով մտահոգ է երկրի ճակատագրով: Ես հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ կես միլիոն քվե է ստացել, ինչը բավական լուրջ քաղաքական կապիտալ է: Հարգանքի է արժանի այդ մարդկանց դիրքորոշումը, սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հարգել նաև այն մարդկանց մոտեցումները, ովքեր վստահել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում ինչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանն այդ քաղաքական կապիտալի հետ: Ի վերջո չի կարող նա ուղղակի տուն ուղարկել այդ մարդկանց եւ չարդարացնել նրանց հույսերը:

Ես գիտեմ, որ պարոն Հովհաննիսյանն ունի պատասխանատվության բարձր զգացում, նաև պարտականություն այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր երկրի հետագա զարգացման հույսը կապել են իր հետ: Դա շատ գնահատելի հատկություն է: Ավելին, քաղաքական գործընթացներում, պայքարը բնականոն երեւույթ է: Այլ հարց է, թե պայքարի ինչպիսի ճանապարհ ես ընտրում: Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած ուղին, ուզենք թե չուզենք, տանում է դեպի փակուղի՝ առաջին հերթին իր ու իր կողմնակիցների համար: Եվ շատ հնարավոր է, որ ելքեր գտնելու համար հետագայում շատ ուշ լինի, եւ արդյունքում հնարավոր է՝ մի կողմից սուր հիասթափություն ապրի մեր հասարակության մի ստվար զանգված, ի դեմս իր լսարանի, մյուս կողմից՝ ի դեմս «Ժառանգության», կարող ենք կորցնել քաղաքական դաշտի շատ կարեւոր դերակատարի: Այսինքն, ինչպես Սևակը կասեր, կպակասի մի լավ ճակատ: Իսկ այդ ճակատը վստահաբար մեր երկրին, մեր ժողովրդին շատ է պետք»:

Կարդացեք նաև

Այսուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր ընտրած ուղին: Իրապես կա արդյոք հանգուցալուծում, եւ եթե կա, ինչպես է այն պատկերացնում պատգամավոր Կարեն Կարապետյանը:

«Անհրաժեշտությունից ելնելով՝  որոշակի ժամանակ բացակայել եմ հանրապետությունից, սակայն ուշադրությամբ հետեւել եմ հետընտրական զարգացումներին: Այդ իսկ պատճառով հիմա եմ այս մասին խոսում: Եվ, օգտվելով հնարավորությունից, ուզում եմ իմ անկեղծ խոսքը ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին»,-ասել է Կարեն Կարապետյանը եւ շարունակել. «Հարգարժան Րաֆֆի, հնարավոր է՝ ես չէ, որ պետք է ինչ-որ խորհուրդ տամ Ձեզ, հնարավոր է՝ ես չէ, որ ինչ-որ բան պետք է ասեմ Ձեզ: Սակայն խնդրում եմ, որ իմ խոսքն ընդունեք որպես ուղղակի հայ մարդու, ՀՀ շարքային քաղաքացու խոսք, որն ունի իր տեսակետը: Գուցե սա փոքր կարծիք համարեք, կարող եք եւ չընդունել այն, բայց ես շատ կցանկանայի, որ մի պահ, երբ միայնակ մնաք ինքներդ Ձեզ հետ, Ձեզ հոգու եւ սրտի միջով անցկացրեք ՀՀ քաղաքացու՝ Ձեզ ուղղված խոսքը: Խոսք, որը նաեւ կարող եք համարել Կարապետյանների ընտանիքի կողմից: Հնարավոր է, որ մեր ընտանիքը պատմականորեն այնպիսի դերակատարում չի ունեցել, ինչպես Հովհաննիսյաններինը, սակայն, կարծում եմ, չեք հերքի, որ մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում ենք գործել հանուն մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության:

Հարգելի Րաֆֆի, ես և մեր ընտանիքը անկեղծորեն հարգում ենք Ձեզ՝ որպես պատասխանատու եւ հայրենասեր մադու, իրապես հասկանում ենք Ձեր պարտավորվածությունը բազմահազար համակիրների առջեւ: Սակայն կարծում եմ, որ այսօր դուք երկընտրանքի առջեւ եք կանգնած: Իհարկե, փայլուն էր, որ Դուք կարողացաք այդքան ձայն ստանալ: Ցավոք, այդ արդյունքին սպառնում է մթագնումը, այնինչ շատ պիտի ցանկանայի, եթե իրապես փայլատակեր ու ի շահ կիրառվեր: Կարեւորն այն չէ, թե ինչպես ընդդիմանալ, այլ այն, թե ինչպես նպաստել: Պատմականորեն է ապացուցված որ գերական ու ընդունելին միշտ հանունը պիտի լինի, այլ ոչ ընդդեմը:

Ուստի թե իշխանության, թե ընդդիմության առաջնահերթ խնդիրն է, որպես մեկ ամբողջական օրգանիզմ, նպաստել երկրի զարգացմանն ու հասարակության բարօրությանը: Ի վերջո, հայ մարդը, ով ընտանիք է պահում, ով պատասխանատու է իր ընտանիքի համար, չի կարող տուժել իշխանության եւ ընդդիմության չհասկացվածության պատճառով: Եվ անկեղծորեն ուզում եմ, որ Դուք պատասխանատու այս պահին ընտրեք երկխոսության, համերաշխության ճանապարհը, կառուցողական ճանապարհը, որպեսզի, Աստված մի արասցե, ներկայումս դրականորեն տրամադրված միջազգային ուժային կառույցները աշխարհաքաղաքական առկա պայմաններում հանկարծ ու առկա վիճակը չօգտագործեն մեր երկրի դեմ: Երկիր, որն այդքան սիրում եք նաեւ Դուք:

Հնարավոր է, որ խոսքս փոքր-ինչ էմոցիոնալ ստացվեց: Սակայն երեւի թե այդպես էլ պետք է լիներ, քանզի, կրկնում եմ, Ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, կուսակցական կամ պատգամավոր, այլ մտահոգ հայ մարդ: Դիմում եմ սեփական նախաձեռնությամբ՝ կուտակված ասելիքով Ձեզ հետ անկեղծորեն կիսվելու մտայնությամբ: Եվ մարդկայնորեն խնդրում եմ՝ ընտրել պայքարի այլ եղանակ: Այո, պայքարել, սակայն մինչեւ վերջ պայքարել հանուն երկրում փոփոխությունների, այդ թվում՝ հասարակական հոգեբանության, քաղաքացիական հասարակության ձեւավորման, պատասխանատվության մեծացման: Պայքարել երկրում առկա արատավոր երեւույթների դեմ, ինչը պարտավոր ենք անել յուրաքանչյուրս:

Բայց համատեղ ջանքերով, միասնական ուժերով, այլ ոչ թե ծայրահեղություններով: Հասկանում եմ, որ ստեղծված կացությունը, բազմահազար աջակիցների ու  համակիրների առկայությունը, բարոյական անվիճելի նկարագիրը պահպանելու անհրաժեշտությունը նաեւ որոշակի քայլեր են պարտադրում: Սակայն մենք Ձեզ հետ միասին հասուն եւ բավական երկար ճանապարհ անցած մարդիկ ենք ու հիանալի հասկանում ենք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նման վիճակը մեր երկրի ու ժողովրդի  համար: Ի վերջո, մենք փոքր ու խոցելի երկիր ենք, ու խնդիր ունենք ոչ միայն կարգավորել մեր երկրում առկա խնդիրները, այլեւ դիմակայել առկա մարտահրավերներին:

Ուստի համոզմունք եմ հայտնում, որ Դուք կառաջնորդվեք Ձեր իմաստնությամբ ու կընտրեք պայքարի այնպիսի ուղի, որը մի կողմից ֆիզիկապես չի վտանգի Ձեր առողջությունը (կրկնում եմ՝ ձեր անձը մեր երկրի ու մեր ժողովրդին շատ պետք է), մյուս կողմից, ինչպես նշեցի առիթ չի տա այնպիսի հետեւանքների, որոնք կարող են խարան դառնալ թե իշխանությունների, թե ընդդիմության համար: Երեւի թե այսքանը: Միայն մի հավելում, թե ինչու որոշեցի դիմել Ձեզ: Դիմում եմ, քանի որ անհանգիստ եմ, քանի որ ես էլ ունեմ երեխաներ, թոռներ, ովքեր ապրում են մեր երկրում, ուստի նաեւ որպես հայր ու պապիկ մտահոգ եմ նրանց համար: Ու վերջապես մտահոգ եմ, որ հանկարծ ու եւս 500 հազար մարդ հերթական անգամ հիասթափություն չապրի… Առողջ եղեք…»

Տեսանյութեր

Լրահոս