Ստեփան Սաֆարյանը` Սերժ Սարգսյանի արտահայտության մասին. Գաղջ մթնոլորտի պատճառն իր թիմն է
Մարտի 18-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած հայտնի մամլո ասուլիսում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ կառավարության գործունեության մասին, բավական դրական գնահատեց գործադիր մարմնի գործունեությունը` նշելով. «2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ`համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցե և պակաս: Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին: Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք»:
168.am-ը հետաքրքրվեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանից, թե արդյոք համաձա՞յն է Սերժ Սարգսյանի հետ:
Ի պատասխան մեր հարցին` Ս.Սաֆարյանն ասաց. «ճիշտն ասած` Սերժ Սարգսյանը 7,2 տոկոս տնտեսական աճի խնդիր չի դրել կառավարության առաջ, ինքը 5 տարի կառավարության առաջ ավելի բարձր խնդիրներ է դրել, և եթե դա իր կարողությունն է, ապա պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը փոքր կարողությունների իշխանություն է: Եվ ինձ համար միևնույն է` կառավարությունը 7,2 տոկոս աճ ապահովել է, թե ոչ, որովհետև դա որևէ կերպ որևէ քաղաքացու չի բավարարում: Դա կարող է բավարարել Սերժ Սարգսյանին, բայց դա չի բավարարում ՀՀ քաղաքացուն»:
Մենք նշեցինք, որ, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, օրերս իր հարցազրույցում խոսելով այդ թեմայով, կարծիք էր հայտնել, որ «այն կառավարությունը, որը չի կարողանում տարեկան աղքատությունը 10-15 տոկոս չի կրճատում, պետք է հրաժարական տա», և հետաքրքրվեցինք, թե ո՞րն է Ստեփան Սաֆարյանի հակափաստարկը Սերժ Սարգսյանին:
Ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ հակափաստարկները լավագույնս դրսևորվել են նախընտրական շրջանում, երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն «անգամ թվերով ասել է, թե որքան պետք է բարձրանան աշխատավարձերը, թոշակները և ազգային հարստությունը»:
«Դա համարեք «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը: Այսինքն` եթե դրան չի համապատասխանում, բնականաբար մեզ համար որևէ փաստարկ համոզիչ չի կարող լինել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ «գաղջ մթնոլորտ», ինչպես նշել էր Սերժ Սարգսյանը, Սաֆարյանը պատասխանեց. «Իհարկե, գաղջ մթնոլորտ է: Սերժ Սարգսյանը ճիշտ է գնահատականի առումով, ուղղակի բացարձակապես կամ չի ուզում տեսնել կամ չի կարող տեսնել, թե ո՞րն է այդ գաղջ մթնոլորտի պատճառը»:
«Իսկ ո՞րն է դրա պատճառը»՝ հարցին նա պատասխանեց. «Կարծում եմ` իր թիմը»:
«Դրա լավագույն պատասխանը տալիս են ՀՀ քաղաքացիները, այդ պատճառով Սերժ Սարգսյանին ոչ թե պետք է Ստեփան Սաֆարյանը գնահատի, կամ որևէ այլ մեկը, այլ շատ ավելի կարևոր են ժողովրդի գնահատականները»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե երկրի գլխավոր խնդիրը ոչ թե կաշառակերներն են կամ հանցագործները, այլ «գաղջ մթնոլորտը», որը ստեղծվել է երկրում: «Արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց միայն իշխանությունը չի, որովհետև Հայաստանից արտագաղթում են ոչ թե նրա համար, ինչպես հաճախ ասում եք, արդարության պակասի կամ աշխատատեղ չլինելու հետևանքով…Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- ասուլիսում մասնավորապես նշել էր Սերժ Սարգսյանը: