«Քաղաքական գծի առումով կանխատեսելիությունը, մեղմ ասած, շատ օգտակար չէ»

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսությունը դեռևս հնարավոր համարում է՝ անգամ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում «Ժառանգության» առաջնորդի հասցեին արված կոշտ հայտարարություններից հետո:

«Քաղաքականությունը մի բան է, որը շատ լավ ձևակերպել է Նապոլեոնը՝ բանակցությունները և պատերազմը պետք է միաժամանակ ընթանան: Ամեն դեպքում, եթե քաղաքական գործիչներն ունեն հեռատեսության ինչ-որ աստիճան, իսկ այդ դեպքում, երևի թե, դժվար է մերժել կողմերից մեկին, բանակցությունները պետք է ընթանան՝ անկախ նրանից` պատերազմական գործողություններ կա՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, թշնամիներ չեն, ինչպես հայտարարվել է, և այդ տեսակետից փոխադարձ հարաբերությունների պահպանումը հօգուտ գործի կլինի երևի թե»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Խաչատրյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի երեք առաջարկներից որը պետք է ընդունելի լիներ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, Վարդան Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց, թե յուրաքանչյուր առաջարկում էլ կային դրական և բացասական տարրեր, սակայն որոշողը շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Իսկ այն փաստը, որ իր նախկին առաջնորդը կարող է անսպասելի որոշումներ ընդունել, Վարդան Խաչատրյանի համոզմամբ, ոչ միայն բացասական երևույթ չէ, այլև՝ շահեկան է դարձնում նրա դիրքը: «Հստակությունը կանխատեսելիություն է, իսկ արդյո՞ք այս փուլում կանխատեսելիությունը ճիշտ քաղաքականություն է: Քաղաքական գծի առումով կանխատեսելիությունը, մեղմ ասած, շատ օգտակար չէ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանին հաճախ մեղադրում են նաև հստակ ծրագիր չունենալու մեջ: Այս կապակցությամբ Վարդան Խաչատրյանն ասաց, թե ծրագիրը շարժումն ուժեղացնում է այն դեպքում, երբ անհատները չեն որոշիչ լինում: «Հայաստանում հակառակն է՝ անհատները շատ բան են որոշում շարժման մեջ: Ծրագիրն այն ժամանակ է լավ, երբ քո թիկունքում կա կանգնած դասակարգ, որն անխուսափելիորեն այդ ծրագրի կետերի կրողն է: Հայաստանում դասակարգեր չկան, այդ իսկ պատճառով անհատների դերակատարություններն են դոմինանտ»,- նկատեց «Ժառանգության» նախկին պատգամավորը: Անդրադառնալով այն քննադատություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի վարած հետընտրական քաղաքականության պատճառով շարժումը մարման է գնում՝ Վարդան Խաչատրյանը նշեց, որ շարժումը չի կարող միևնույն լարման մեջ ընթանալ, դա անթույլատրելի է, որովհետև քաղաքականության մեջ անհրաժեշտ է պարբերաբար թուլացնել և ուժեղացնել լարումը: «Երբեք էլ որևէ շարժում միանշանակ որևէ գիծ չի կարող պահել: Ինչպես մարաթոնյան վազորդը չի կարող միևնույն արագությամբ ընթանալ: Քանի դեռ հասարակության մեջ լարումը չի վերացել, շարժումը կարող է ունենալ թե վերելքներ և թե վայրէջքներ»,- նկատեց «Ժառանգության» նախկին անդամը:

Կարդացեք նաև

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում հրապարակեց հասարակական և քաղաքական գործիչներից բաղկացած մի ցուցակ, որը, ըստ նրա, կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը: Գնահատելով այս նախաձեռնությունը՝ Վարդան Խաչատրյանը նշեց, որ եթե իրեն հանձնարարվեր այդպիսի բան անել, ինքը կգնար հակառակ ճանապարհով: «Ես հնարավորություն կտայի դրսևորվել բոլորին և միայն այդ դրսևորման արդյունքում հասարակական արձագանքով կպայմանավորեի ստվերային թիմի ձևավորումը: Կառավարում ասածը, սակայն, մի քիչ չափազանցություն է այն իմաստով, որ կիրառական լծակները բացակայում են»,- նշեց Վարդան Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու «Ժառանգության» որոշմանը, ապա «Ժառանգության» նախկին ներկայացուցչի կարծիքով` դա արդարացված է, թեև վստահ չէ, որ այս անգամ ևս հաղթող չի հռչակվի իշխանությունը: Նրա կարծիքով, իրատեսական չէ ակնկալել, որ ինչ-որ կախարդական փայտիկով այս անգամ չեն լինի կեղծիքներ: Իրատեսական չէր նաև, ըստ Վարդան Խաչատրյանի, ընդդիմադիր դաշտի միասնական ցուցակով հանդես գալու հեռանկարը: «Համախմբումը բարդ երևույթ է և ունի ստորջրյա խութեր: Համախմբումը լավ է այն ժամանակ, երբ նախնական փուլն արդեն անցած է, այսինքն՝ գոյություն ունի աշխատանքային որոշակի կարգ, գոյություն ունի դերաբաշխում, ճշգրիտ բաժանում և այլն: Այս ամենն անել մի քանի օրում` բավական բարդ է, այնպես որ, ես այդքան էլ համոզված չէի, որ հաջողություն կգրանցվի»,- նկատեց Վարդան Խաչատրյանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս