Բաժիններ՝

«Մենք ձեզնից ավելի շատ ենք անհանգիստ, բայց էլի խուճապահար չենք»

Երեկ ԱԺ-ում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրապետությունում բռնկված H1N1 համաճարակին: Նա նախ ուղղեց լրագրողներին` ասելով, թե դա պետք է անվանել ոչ թե համաճարակ, այլ` բռնկում: Նախարարի խոսքով` իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և անհանգստանալու որևէ առիթ չկա: Միաժամանակ Դ. Դումանյանը նույնպես նկատեց, որ H1N1վիրուսի վարակով հիվանդացության դեպքերի աճ է նկատվել հանրապետությունում:

«Ճիշտ է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում դեպքերը մի փոքր ավելացել են: Վերջին շաբաթվա հետազոտությունների տվյալներով` դեպքերի մեջ հիմնականում գերակշռում է գրիպի տեսակըո և ամենացավալին այն է, որ ավելի փոքրահասակ երեխաներն են հիվանդանում: Նախկին մեկ ամսվա ընթացքում ավելի շատ հիվանդանում էին մեծահասակները»,- ասաց նա: Դ. Դումանյանը նշեց, որ իրենք ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում մանկապարտեզներում:

Ընդ որում` երեխաների յուրաքանչյուր բացակայությունն ուսումնասիրվում է: Նա նաև նշեց, որ իրենք բավարար քանակով դեղորայք ունեն, ինչը հիվանդներին տրամադրում են անվճար: «Այսօր մեր վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 31 հիվանդ կա պառկած: Բոլորի վիճակը բավարար և միջին ծանրության է: Ծանր հիվանդներ չունենք»,- ասաց նախարարը, ում փոխանցմամբ` մինչ օրս H1N1 վիրուսից եղել է 3 մահացության դեպք: «Մեկ երեխա մահացել էր Արծվաբերդ գյուղում` քույր և եղբայր հիվանդացել էին գրիպով: Եղբորը ժամանակին տեղափոխեցինք հիվանդանոց, նրա վիճակն այսօր բավարար է: Նրա մոտ հայտնաբերել ենք գրիպի Ա տեսակը: Մահացած երեխայի մոտ արդյունքները չունենք: Մասնագետները նշում են, որ կլինիկորեն դա ևս գրիպ էր»,- ասաց Դ. Դումանյանը:

Մեր դիտարկմանը, թե Դուք նախորդ անգամ լրագրողների հետ զրույցում հասարակությանը կոչ էիք անում, թե չպետք է մատնվել խուճապի, բայց, այնուամենայնիվ, Արծվաբերդի դեպքն արդեն խուճապ է առաջացնում` հաշվի առնելով, որ վիրուսը շատ արագ է տարածվում, արդյո՞ք Ձեր կոչերը վերացական բնույթ չեն կրում, և ի՞նչ քայլեր են արվում, Դ. Դումանյանը պատասխանեց. «Ոչ, վերացական չեն, որովհետև խուճապի կարիք չկա, և եթե կարիք լիներ, կհայտարարեինք համաճարակ և համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ կձեռնարկեինք:

Եվ մենք ձեզնից ավելի շատ անհանգիստ ենք, բայց էլի խուճապահար չենք, քանի որ ամեն ինչ վերահսկվում է, որևէ խուճապի պատճառ ես չեմ տեսնում: Եթե նման պատճառ լինի, առաջինը ես կհայտարարեմ դրա մասին»: Նախարարի գնահատմամբ` մեր հանրապետությունում դեկտեմբեր-հունվար-փետրվար-մարտ ամիսներին սեզոնային գրիպի դեպքեր են լինում: «Եվ այս անգամ մենք ընդամենը բարձրաձայնեցինք սրա մասին, զգուշացրինք մեր ազգաբնակչությանը, ուղղորդեցինք նրանց, թե ինչ պետք է անեն, ինչպես պետք է վարվեն, և միգուցե դա էր նաև պատճառը, որ մեր հիվանդանոցներում հաճախելիությունն ավելացավ:

Այսօրվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում 31 հիվանդ ունենք սուր շնչառական հիվանդություններով, որոնց մի մասն Ա տեսակի գրիպ է, մյուս մասը` Բ տեսակի, մեջները ծանր հիվանդներ չկան: Եթե մենք համեմատենք մեկ ամիս առաջվա հետ, դրանց թիվը կրկնակի ավելի էր»,- ասաց Դ. Դումանյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ թե քանի որ նշյալ վիրուսը բնորոշում եք` որպես սեզոնային գրիպ, այդ դեպքում նախորդ տարի մահացության դեպքեր գրանցվե՞լ են այդ գրիպից:

Ի պատասխան` նա ասաց. «Իհարկե, չեմ կարող էսօր ստատիստիկան ասել, որովհետև նախորդ տարի ես այդ պրոցեսներին չեմ հետևել: Պետք է ասեմ, որ 2009թ. մեծ բռնկում եղավ, սրանից ավելի շատ հիվանդներ, շատ դեպքեր` շատ ավելի ծանր ելքերով: Այս երկու տարիներին համեմատաբար ավելի հանգիստ է եղել, բայց յուրաքանչյուր սեզոնին մեզ մոտ գրիպի բռնկումներ լինում են: Հիմա մեզ մոտ ավելի լավ էր, որ այդ բռնկումը եղել է փետրվարի կեսին, և օրերը տաքանալուն պես, արդեն մեկ շաբաթ հետո մենք որևէ դեպք չենք ունենա»: Ինչ վերաբերում է սիբիրյան խոցով հիվանդացության դեպքերին, ապա Դ. Դումանյանը նշեց. «Սիբիրյան խոցի երկու հիվանդ ենք հայտնաբերել, որոնք անասունի մորթի հետ գործ են ունեցել Վրաստանի սահմանում:

Փաստորեն, մենք հիվանդ կենդանի այստեղ չունենք: Ընդամենը երկու դեպք է, երբ մարդիկ վարակվել են, մաշկային տեսակն է, թեթև ձևը, հեշտ բուժման ենթարկվում է, էլի անհանգստանալու կարիք չկա»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նա իրեն տեսնում է նոր կառավարության կազմում, Դ. Դումանյանը պատասխանեց. «Կապրենք` կտեսնենք»:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս