Սեյրան Օհանյան. Ես չեմ հավատում, որ ջուր ներարկած լինեն
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով իր` ՀՀ ոստիկանության համակարգ տեղափոխվելու մասին լուրերին, ասաց. «Ես էությամբ զինվոր եմ և պատրաստ եմ ցանկացած տեղ ծառայելու, որտեղ որ հանրապետության նախագահը կորոշի: Իրականում ես ոչ մի բանից տեղյակ չեմ և ես իմ պարտականությունները կատարում եմ: Հանրապետության նախագահն էլ իր ելույթի մեջ ասաց, որ մեծ փոփոխությունների չի գնալու: Դա իր իրավասության շրջանակներում է»:
Հարցին, թե ավելի շատ կցանկանար մնալ Պաշտպանության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ Ոստիկանություն տեղափոխվել, Ս. Օհանյանը պատասխանեց. «Եթե գիտեք, տեղյակ եք իմ կենսագրության մասին` ինչպիսի՞ մասնագիտության տեր անձնավորություն եմ եղել և այսօր էլ ղեկավարում եմ Պաշտպանության նախարարությունը: Իհարկե, այն ավելի հոգեհարազատ է ինձ համար ոչ միայն` որպես մասնագիտություն, այլ նաև այն, որ պատվավոր պաշտոն է, գործը հայրենիքի պաշտպանության վերաբերյալ է, և այսօր իմ կատարած աշխատանքը հիմք է տալիս ասելու, որ դեռևս աշխատելու տեղ ունենք»:
168.am-ի հարցին, թե համամի՞տ է այն տեսակետին, ըստ որի` այս օրերին Երևանի Ազատության հրապարակում կատարվող գործընթացները խաթարում են ՀՀ, ԼՂՀ անվտանգությունը` հաշվի առնելով, որ դեռևս հրադադարի ռեժիմում ենք, Ս. Օհանյանը պատասխանեց. «Ցանկացած գործընթաց, որը տանում է հասարակության տարանջատում, միասնականության գաղափարի անկում և, ընդհանուր առմամբ, մեր իրականությունից ելնելով, քանի որ մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, և ի, վերջո, տարաձայնությունների մասին տեղյակ են լինում նաև այն զինվորները, ովքեր առաջին գծում են և մարտական հերթապահություն են իրականացնում, որոշակի չափով թուլացնում են մեր և՛ պաշտպանունակության մակարդակը, և՛ համախմբվածությունը, և՛ գաղափարական պատրաստականությունը, մանավանդ, որ այդպիսի միջոցառումների ժամանակ հնչում են տեղին և ոչ տեղին քննադատություններ բանակի վերաբերյալ, զինծառայողի վերաբերյալ:
Որքան էլ մենք աշխատում ենք, որ կատարելագործենք մեր ամբողջ աշխատանքը, որքան էլ մենք աշխատում ենք, որ ամրապնդենք կարգապահությունը բանակում, մարտունակությունը, և այլն, և այլն, մարդիկ են գտնվում, երբ ամեն ինչ լավ է, սկսում են վերհիշել նախնադարյան համայնական կարգերից դեպքեր, ասել` հիմա լավ է, բայց հիշո՞ւմ եք` նախկինում այսպիսի դեպք էր եղել, և այլն: Իհարկե, ես կողմնակից եմ, որպեսզի մեր հասարակությունն ավելի համախմբված լինի:
Փառք Աստծո, որ այսօր և՛ նախընտրական ժամանակահատվածում, և՛ ընտրություններից հետո, որքան էլ տարաձայնություններ լինեն ընդդիմության և դիմության միջև, այնուամենայնիվ, այդ համերաշխության, փոխադարձ, ասենք, մեկը մյուսին չվիրավորելու, ելքեր գտնելու պատրաստակամությունը գոյություն ունի: Դա և՛ հանրապետության նախագահի սկզբունքն է, և նաև, կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնպիսի անձնավորություն է, որ նաև իր էությամբ համեստ լինելով` կանեն այնպես, որ նորմալ լուծում գտնեն»:
Նախարարն անդրադարձավ նաև վերջերս պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողին ջուր ներարկելու դեպքին: Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այդ դեպքը, Ս. Օհանյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվում, քրեական գործընթացը տանում են, և գործընթացի ընթացքում, մանավանդ, մենք լուրջ տեղ ենք տալիս օպերատիվ հետախուզական աշխատանքներին, տարբեր փորձաքննությունների անցկացմանը:
Այսօր դրանով զբաղվում են իրավապահները: Ջուր են ներարկել, թե ջուր չեն ներարկել, ճիշտն ասած, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դրանք պարզապես ասեկոսեներ են, և ես չեմ հավատում, որ ջուր ներարկած լինեն այսօրվա մեր բժիշկները, որքան էլ այս կամ այն իրենց պարտականությունների կատարման շրջանակներում թերանան, այնուամենայնիվ, այդքան անմարդկային չեն լինի, որովհետև նրանք, բացի հայրենիքին ծառայելու պատրաստակամությունից, նաև երդում են տալիս, որպեսզի հոգատար լինեն հիվանդների նկատմամբ»:
«168 ԺԱՄ»