ՀՏ Հայկոյի մասնակցությամբ «Energy» տեսահոլովակը բուռն քննարկման առարկա է դարձել համացանցում (տեսանյութ)

Ռեփեր Էմիգրանտի, երգչուհի Լիլուի և ՀՏ Հայկոյի «Էներգիան» ցնցեց հայ հասարակությանը: Մարտի 17-ին  համացանց ներբեռնած տեսահոլովակը 4 օրվա ընթացքում արդեն հասցրել է 18.000-ից ավելի դիտում ապահովել: Դիտումների քանակն այս պարագայում վկայում է ոչ թե երգի հաջողված լինելու մասին, այլ հակառակը: Մարդիկ քննադատում, փնովում են արված աշխատանքը: Ոմանք անգամ չեն հասկանում, թե ով է ռեփեր Էմիգրանտը, ում կատարումով էլ սկսվում է «Էներգիա» կոչվող երգը: Երգչուհի Լիլուին ևս հանրությունը հանգիստ չի տալիս: Նրա ռաբիս ոճի կատարումը, հագած զգեստն ու պարը զայրացրել է հայ ունկնդրին: «Մինչև վերջերս ամենայն անկեղծությամբ մտածում էի, որ կյանքում արդեն այնքան բան եմ տեսել, որ ինձ զարմացնել արդեն գոնե բավական դժվար է: Բայց արի ու տես, ամեն անգամ չեմ դադարում զարմանալ մեր հայկական շոու-բիզնեսի հերթական գոհարների վրա: Ռաբիսության, ցածրակարգ ռեփի և անհաջող ռեժիսուրայի հերթական շեյքն այս անգամ մատուցում են Լիլուն, ինչ-որ տղա Էմիգրանտ անունով և ՀՏ Հայկոն: Հայկոյի մասով բան չունեմ ասելու: Շատ հաջող ռեփեր է և նույնիսկ այս կատարյալ աղբի մեջ առանձնանում է, բայց նրա ինչի՞ն է պետք Լիլուներով կեղտոտվել: Իսկ Լիլուի զգեստի հեղինակ դիզայներին մինիմում պետք է վառել»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է օգտատերերից մեկը:  Նմանատիպ և առավել կոպիտ քննարկումների և մեկնաբանությունների պակաս երգը չի զգում: Մեծ թիվ են կազմում նաև YouTube պաշտոնական էջում արված մեկնաբանությունները: Խոսելով երգի կատարողների մասին, օգտատերերն իրենց մեկնաբանություններում առանձնացնում են ՀՏ Հայկոյին, ում աշխատանքն ու կատարումն անգամ այս պարագայում առանձնանում է: «Երգն իմը չէ, ես ոչ մի կապ չունեմ երգի հետ: Մարդիկ ուղղակի չեն կարողանում տարբերել կոմերցիան ոչ կոմերցիայից: Էմիգրանտը ռեփեր է, ում պրոդյուսինգով արդեն մեկ տարի է՝ ես եմ զբաղվում: Իսկ այս երգը Էմիգրանտի ալբոմի համար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՏ Հայկոն: Վերջինս այն հարցին, թե արդյո՞ք նրա այս քայլը չի ազդի իր վարկանիշի վրա, պատասխանեց, որ այն, ինչ ինքն անում է՝ քննարկման ենթակա չէ: «Ինձ համար էական նշանակություն չունեն այս բոլոր խոսակցությունները և այն, թե իմ վարկանիշը դրանից կբարձրանա՞, թե՞ ոչ: Ես գիտեմ՝ ինչ եմ անում: Քննարկումները նորմալ են, պետք է լինեն, բայց ես՝ ես եմ, իրենք՝ իրենք են: Ուղղակի մարդկանց համար շատ հեշտ է նստել համակարգչից այն կողմ և խոսել: Ոչինչ, ժամանակը կգա, տարիքի հետ ամեն ինչ կհասկանան երևի»,- ասաց ՀՏ Հայկոն:

Տեսանյութեր

Լրահոս