Անկարայի պայթյունների հրամանն արձակվել է Սիրիայից. թուրքական կողմ
Թուրքական Dünya Bülteni լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում մարտի 19-ի երեկոյան գրանցված պայթյունները կազմակերպել է «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ը (DHKP-C):
Այդ օրն անհայտ անձինք միաժամանակ հարձակում էին գործել Արդարադատության նախարարության շենքի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակի վրա: Նրանք նռնականետով հարվածել էին 7-րդ հարկում գտնվող ԱԶԿ-ի գրասենյակին, իսկ Արդարադատության նախարարության շենքի վրա նետել էին երկու նռնակ:
Այդ հարձակումների հրամանն արձակել է Հունաստանից Սիրիա փախած DHKP-C-ական Ֆևզի Թեքինը, ով հայտնի է «Աբի» ծածկանվամբ: Նշվում է, որ վերջինս նման հրաման է արձակել ի պատասխան վերջին շաբաթվա ընթացքում Ստամբուլում Ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից DHKP-C-ի դեմ իրականացված երկու գործողության:
Թուրքական լրատվամիջոցը հավելում է, որ Թեքինը երկար ժամանակ բնակվել է Հունաստանում, սակայն այն բանից հետո, ինչ Էրդողանը նրա հարցով բանակցություններ է վարել հունական կողմի հետ, Ֆևզի Թեքինի համար դժվար է եղել Հունաստանում մնալը: Նա ստիպված է եղել մեկնել Բելգիա, որտեղից էլ՝ Սիրիա (Լաթաքիա), ուր մոտ է կանգնած նախագահ Բաշար Ասադի բանակին:
Նշվում է, որ հենց Թեքինն է տվել Ստամբուլում երեք ոստիկանի սպանության և Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ իրականացված պայթյունի հրամանները: