Աջակցություն է ցուցաբերվում սահմանամերձ համայնքների բնակիչներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը, «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը։ Հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ, ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ «Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու համար այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Սա լուրջ անհանգստություն է պատճառում մեր բնակիչներին։ Ապագայում ևս անդրադառնալու ենք խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով»։

Տեսանյութեր

Լրահոս