Ինչով էր առավել Իսրայել Հակոբկոխյանը Րաֆֆի Հովհաննիսյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ  Վարդան Այվազյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակացությունների առումով, փակուղային չի համարում: Նա կարծում է, որ այդ ասուլիսը շատ հարցերի պատասխաններ տվեց: ՀՀԿ-ական պատգամավորը երկխոսության հարցում խոչընդոտը համարում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը:

«Ես  չեմ տեսնում, թե մենք մտնում ենք ինչ-որ փակուղային իրավիճակ: Ցավոք սրտի, դեռ չի հստակեցված ըննդիմության կոնկրետ պահանջը: Եթե կան արձանագրված փաստեր, եթե կան մեր` բոլորիս կողմից ընդունված համապատասխան իրականացված ընտրություն, եթե չեն համաձայնում այդ ընտրությունների արդյունքի հետ, դա չի նշանակում, թե փակուղային իրավիճակ է»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, ընդդիմության այն հայտարարությունը, թե` դու չես ընտրվել, ես եմ ընտրվել, պահանջ չէ:

Ասուլիսի մյուս մասնակիցը` «Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հակադարձեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները և ծրագրերը հստակ են:  Ի տարբերություն Վարդան Այվազյանի, ով լրատվամիջոցներին մեղադրեց Սերժ Սարգսյանի ասուլիսից հատվածներն ընտրողաբար մեջբերելու և միտքը խեղաթյուրելու մեջ, Թևան Պողոսյանը պնդեց, որ ասուլիսին ոչ թե ընտրված լրատվամիջոցներ պետք է մասնակցեին և տեսագրությունը նրանց տրվեր մոնտաժված, այլ` անհրաժեշ էր ուղիղ հեռարձակում ապահովել:

Նա համաձայն էր, սակայն, Վարդան Այվազյանի հետ այն հարցում, որ երկխոսությունն այսուհետև չի կարելի ձախողված համարել: «Եթե հնարավորություն կլինի, որ երկու նախկին թեկնածուներին նորից նստեն և բանակցությունների սեղանի շուրջ ձևավորեն նորմալ օրակարգ, վստահ եմ` բանակցությունները կունենան իրենց պտուղը»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը` հավելելով, որ պետք չէ մեկ-երկու հանդիպումից արդյունք ակնկալել: Ըստ նրա՝ պատմությունն ունի փաստեր, երբ տարիներ են տևել բանակցությունները` մինչև ցանկալի արդյունքին հասնելը:

Կարդացեք նաև

Քննարկելով  այն հարցը,  թե պետք է Սերժ Սարգսյանն այցելի Ազատության հրապարակ` Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Այվազյանը հայտարարեց, որ հարցն արհեստականորեն դարձվել է  օրակարգային, այնինչ խնդիրը դա չէ:  «Գնալ-չգնալու խնդիրը դարձրել ենք օրակարգային, մոտավորապես՝ ոնց որ Ցեղասպանության հարցը»,- նկատեց Վարդան Այվազյանը:

Թևան Պողոսյանն էլ, հիշելով` 2007թ. Սերժ Սարգսյանի այցը հացադուլ հայտարարած  բռցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, պնդեց, թե ո՞րն է խնդիրը, այս անգամ էլ թող Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացուն այցելի:  «Եթե մարդը մեկ անգամ ցույց է տվել, որ կարող է  իր հասարակ քաղաքացու համար մոտենալ և խնդիրը դնել, ինչո՞ւ այս րոպեին պետք է դնել ընտրություն՝ այս մի քաղաքացին լավն է, իրեն կարելի է մոտենալ, մյուսին` ոչ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս