Վարդան Այվազյանը պնդում է` ԱԺ-ում օլիգարխներ չկան

ԱԺ  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը  չի քննարկում այն հարցը, թե ԱԺ-ում օլիգարխներ կա՞ն, թե՞ ոչ, սակայն նա պնդում է, որ որևէ մեկը խորհրդարանում չի կարողանում իր ֆինանսական խնդիրները լուծել:

«Ազգային ժողովում դուք կարո՞ղ եք գտնել ֆինանսական կամ տնտեսական կառույց ունեցող մեկ անձնավորության, որն ազդեցությունն ունի քաղաքական որոշումների կայացման վրա: Կարո՞ղ եք մի հոգու գտնել: Ասում են՝ արաղի, սիգարետի հետ է կապված: Կա՞ մեկը, որ արդյունքում իրենց հարկերն իջեցվել են»,- այսօր հրավիրված ասուլիսում հռետորական հարց հնչեցրեց Վարդան Այվազյանը` ինքն էլ պատասխանելով այդ հարցին, որ նման բան չկա։ Ավելին`ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, վերջին 4-5 տարիների ընթացքում ընդունված բոլոր օրենսդրական որոշումները նրանց դեմ են, և հարկային բեռն ավելացվել է:  Վարդան Այվազյանը հստակեցրեց օլիգարխ սահմանումը `այն է` իշխանության հետ սերտաճած՝ ֆինանսական կարողություն ունեցող անձնավորություն, որը կարող է ազդել որոշումների վրա:  Եվ քանի որ Վարդան Այվազյանը նման բան չի տեսել, լրագրողներն էլ կոնկրետ օրինակներ չբերեցին, թեորեմն ապացուցվեց, որ ԱԺ-ում օրիգարխներ չկան: Սրանով, փաստորեն, Վարդան Այվազյանը պաշտպանեց նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներն օլիգարխների մասին:

Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ինքը` որպես Տնտեսական հանձնաժողովի նախագահ, դեմ է եղել  օրենքներին, եթե դրանք որևէ կառույցի շահերի սպասարկմանն են ծառայում: ՀՀԿ-ական պատգամավորը պնդեց, որ այսուհետև նույնպես, եթե պետք լինի, 1000 անգամ նման օրինագծերի համար կռիվ կտա:

Վարդան Այվազյանը հերքեց նաև տարածված այն տեղեկությունները, թե իշխանությունները և օլիգարխները խոչընդոտում են «Կարֆուր» ցանցի մուտքը Հայաստան: Ըստ նրա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է  անգամ, որ պատրաստ է տարածք տրամադրել «Կարֆուրին»: Նրա խոսքերով, օտարերկրյա որևէ բիզնեսմեն խնդիր չունի Հայաստանում իր բիզնեսը զարգացնելու առումով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս