Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 9-ին
Ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ բեկումնային կլինի ապրիլի 9-ը (ՀՀ նախագահի երդմնակալության արարողության օրը,-Տ.Մ.) և որքանո՞վ կփոխվի իրավիճակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը պատասխանեց. «Կարծում եմ դա լուրջ չէ: Ժիրայր Սէֆիլյանին ոչ մեկը չի կասկածում, որ նա խիստ ընդդիամդիր է, և ամենաշատն է ցանկանում, որ լինի իշխանափոխություն: Երեկ նա ճիշտ բան ասաց, որ եկեք ապրիլի 9-ը չդարձնենք մոգական թիվ, որից հետո ինչ-որ բան տեղի կունենա»:
Իսկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նույն հարցի առնչությամբ համոզմունք հայտնեց, թե դա ընդդիմության լիդերի որոշելու խնդիրն է. «Երբ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ ապրիլի 9-ին տեղի կունենա զուգահեռ երդմնակալության արարողություն, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չհրաժարվեց դրանից: Որոշումը պետք է կայացնի անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ շատ լավ գիտի, որ իր ստացած ձայները միայն իրենը չեն, իր անձին չեն տրվել, այլ իշխանության գործունեությանը դեմ քվեարկած ձայներն են: Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, պետք է կարողանա հրապարակը՝ իշխանությունից դժգոհ ընտրազանգվածը դարձնել իրենը»:
Այս կոնտեքստում Ս. Սեյրանյանը նկատեց, որ այսօր ընդդիմության գործելաոճի մեջ մի բան է նկատվում, այն, որ քաղաքացիական շարժումները, նախաձեռնությունները փորձում են հակադրել քաղաքաղական գործընթացներին, ինչը սխալ է: «Քաղաքացիական շարժումներն, անշուշտ, մեծ դերակատարում են ունեցել այս տարիների ընթացքում, բայց հակադրել դրանք իրար և քաղաքական օրակարգի ձևավորումը վերապահել այս շարժումներին, սխալ է: Ընդդիմության լիդերը պետք է կայացնի որոշումները: Հրապարակում, այո, կան առաջարկներ, քաղաքական լուրջ կարծիքներ հնչեցնող մարդիկ, բայց որոշումը պետք է կայացնի առաջնորդը: Կլինի՞ բախում, չի՞ լինի, ապրիլի 9-ը կդառնա՞ ջրբաժան, չի՞ դառան, այդ ամենը պետք է որոշի ընդդիմության առաջնորդը»,-ասաց Ս. Սեյրանյանը:
Հաշվի առնելով հետընտրական զարգացումները, ըստ Սաթիկ Սեյրանյանի, Երևանի ավագանու ընտրությունները պետք է դիտարկել որպես քաղաքական բովանդակությամբ լուրջ իրադարձություն՝ առավել ևս, երբ հենց Երևանում է կենտրոնացած բնակչության և հանրապետության ամենամեծ, տնտեսական, քաղաքական, բիզնես ռեսուրսը: Իսկ Երևանի ավագանու ընտրությունները վերահսկելու համար Արամ Աբրահամյանը մասնակցող երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանքային կուսակցություններին առաջարկում է ստեղծել միասական շտաբ, բայց «ավելի լավը, քան Հմայակ Հովհաննիսյանինը», որը կվերահսկի ընտրատարածքների քվեները: