Ռուսական նավատորմը ժամանակավորապես հրաժարվում է Սիրիայի Տարտուս նավահանգստից
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը սիրիական հակամարտության սրման պատճառով ժամանակավորապես չեն մտնի Սիրիայի Տարտուս նավահանգիստ, ուր գտնվում է նավատորմի նյութա-տեխնիկակական ապահովման կետը:
Այս մասին հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ Տարտուսին փոխարինելու է գալիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը.
«Սիրիական հակամարտության կտրուկ սրումն ու մեր ռազմանավերի կողմից Տարտուս մտնելու հետ կապված (Սիրիային զենքի մատակարարում) շահարկումները հարկադրում են մեզ որոնել ավելի անվտանգ նավահանգիստներ՝ դրանց գործնական այցերի համար:
Հստակեցված է, որ նմանատիպ նավահանգիստների մեկը լինելու է լիբանանյան Բեյրութը: Համապատասխան աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են: Ոչ վաղ անցյալում Բեյրութ մուտք գործեցին Բալթիական նավատորմի ռազմանավերը, որոնց հրամանատարներին դուր է եկել տեղական իշխանությունների վերաբերմունքը:
Սակայն այդ ամենը չի նշանակում, թե Ռուսաստանն ընդհանրապես հրաժարվում է Տարտուսից և Միջերկրական ծովում իր նավատորմի համար փնտրում է բազավորման նոր կետեր: Տարտուսը ռուսական ռազմանավերի բազավորման միակ պաշտոնական կետն է:
Երբ Սիրիայում իրադարձությունները կստանան կանխատեսելի բնույթ, այն ժամանակ էլ մենք կարող ենք կողմնորոշվել Տարտուսի նյութա-տեխնիկական ապահովման կետի հետագա օգտագործման շուրջ»: