«Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմության՝ առանձին-առանձին ցուցակներով մասնակցության ձևաչափը սխալ մարտավարություն է»
Այսօրվա ներքաղաքական իրավիճակն առանձնանում է նրանով, որ չկա այն ատելության մթնոլորտը, թշնամանքը, որը եղել է տարիներ շարունակ գրեթե համապետական բոլոր ընտրությունների՝ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: «Բայց մյուս կողմից, այդ բարի, թեկնածուների միջև փոխադարձ հաճոյախոսություններով այդ մթնոլորտն իրականում նաև զուրկ է քաղաքական հիմնավորումից:
«Ես այսօր խոսելու եմ՝ զուտ որպես լրագրող, խմբագիր: Այսօր շատ մոդայիկ է դարձել այն, որ շատերը հանդես են գալիս՝ որպես քաղաքագետներ, քաղաքական տեխնոլոգներ, վերլուծաբաններ և այլն: Ես կխոսեմ՝ որպես քաղաքական երևույթներին անդրադարձող լրատվամիջոցի խմբագիր: Այսօրվա ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությունների մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնալ նախընտրական շրջանին, ապա՝ հետընտրական զարգացումներին»,- ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ ներքաղաքական այսօրվա վիճակն առանձնահատուկ էր այն առումով, որ խորհրդարանական հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ), և մյուս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը չմասնակցեցին ընտրություններին: Նրանց համոզմամբ՝ մասնակցելով կնպաստեն գործող իշխանությունների վերարտադրմանը, գործող նախագահի լեգիտիմացմանը: «Որքան քաղաքականապես չհիմնավորված էր նրանց չմասնակցելը ՀՀ նախագահական ընտրություններին, նույնքան էլ չհիմնավորված է այսօր Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի ընտրություններին այդ ուժերի մասնակցությունը: Ի՞նչն է փոխվել, նույն իշխանությունն է: Արդյոք նման ձևաչափով մասնակցության դեպքում այդ քաղաքական ուժերը չեն նպաստելու Երևանի գործող՝ ՀՀԿ-ական քաղաքապետի վերընտրմանը»:
Ս. Սեյրանյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմության՝ առանձին-առանձին ցուցակներով մասնակցության ձևաչափը՝ սխալ մարտավարություն է, որի արդյունքում կփոշիանան ռեսուրսները: