
Առանց Թուրքիայի աջակցության՝ սիրիական ընդդիմությունը չէր կարող հասնել հաջողության. Ղասան Հիտո

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ժամանակավոր կառավարության ղեկավար Ղասան Հիտոն հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության՝ սիրիական ընդդիմությունը չէր կարող հաջողության հասնել:
Հիտոն հավելել է, որ չնայած նրան, որ Սիրիայում օրեցօր նվազում են երկխոսելու հույսերը, ժամանակավոր կառավարությունը դեմ չէ երկխոսության սկսմանը:
Հիշեցնենք, որ Ղասան Հիտոն սիրիացի ապստամբների կողմից վերահսկվող տարածքների «անցումային կառավարության» վարչապետ է ընտրվել օրեր առաջ, Ստամբուլում: Ի դեպ, ոչ վաղ անցյալում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե Թուրքիան դադարեցնի զենքի ու զինյալների մատակարարումը սիրիացի ապստամբներին, ապա վերջիններիս հարցը կարելի է լուծել երկու օրում: