Հյուսիսային Կորեան սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ռազմական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ սադրանքների դեպքում իրենք կարող են հրթիռային հարվածներ հասցնել Գուամում ու Օկինավայում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին.
«ԱՄՆ-ը չպետք է մոռանա, որ Գուամում գտնվող իր բազան, որտեղից թռչում են B-52 ռմբակոծիչները և Ճապոնիայի Օկինավա կղզում ունեցած բազան, որտեղ կենտրոնացած են իր սուզանավերը, գտնվում են մեր բարձրորակ սպառազինության խոցման գոտում»:
Նշվում է, որ գիշերը Հյուսիսային Կորեայի զինված ուժերում տագնապ է հայտարարվել, ինչը ենթադրաբար արվել է զորավարժությունների շրջանակներում: Սակայն Հյուսիսային Կորեան դեռ չի հաստատել դա:
Մարտի սկզբին Հյուսիսային Կորեան որպես ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի կողմից համատեղ խոշորամասշտաբ զորավարժությունների սկսման դեմ բողոք՝ ուժը կորցրած ճանաչեց 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքած հրադադարի մասին համաձայնագիրը, որը վերջ էր դրել 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:
Հյուսիսային Կորեան նաև սպառնացել է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին, ինչից հետո ԱՄՆ-ը մտադիր է ամրապնդել Ալյասկայում, Կալիֆոռնիայում ու Ճապոնիայում ունեցած հակահրթիռային պաշտպանության համակարգը: