Ղարաբաղյան բանակցային գործընթացում փոխվել են առաջնահերթությունները. ԵՄ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ ներկայացրել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի մասին ամենամյա զեկույցը:
Դրանում խոսք է գնում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. «Որևէ առաջընթաց չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Շփման գծի միջադեպերը, Սաֆարովի գործը, Ստեփանակերտի օդանավակայանի բացումը փոխեցին առաջնահերթությունները, և հակամարտության կարգավորման լուծումը փնտրելուց նվազեցրին մինչև լարվածության նվազեցմանն ուղղված փորձերի:
Դրանք էլ ավելի նվազեցրին կողմերի միջև վստահությունը, ինչն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման համար: Որևէ առաջընթաց չի գրանցվել նաև շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման հարցում, որին կողմերն իրենց աջակցությունն էին հայտնել նախորդ տարի հունվարին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունները, դժբախտաբար, դանդաղել են: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները միմյանց չեն հանդիպել 2012 թվականի հունվարին Սոչիում ունեցած հանդիպումից ի վեր:
Անվտանգության շուրջ իրավիճակը նույնպես անկայուն է: Օրինակ, հունիսին հայ-ադրբեջանական սահմանին նկատվեց լուրջ լարվածություն, երբ հաղորդվեց նվազագույնը 8 զոհի մասին, և այդ փաստը համընկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին:
ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ հատուկ ներկայացուցիչ նշանակաված Ֆիլիպ Լեֆորը պարբերաբար այցելում է տարածաշրջան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու համար»: