![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Երիցյան. «Երբ ասեն` հերիք է, բոլ է, արդեն կարող ես գնալ՝ պարտավոր եմ գնալ, պարտավոր եմ հանձնել իմ պոստը»
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/yericyan-armen.jpg)
Երբ երեկ ԱԺ բակում լրագրողները փորձում էին որոշ հարցերի պատասխաններ ստանալ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, թե հատուկ ընթացակարգ կա, ըստ որի` արգելվում է ԱԺ բակում հարցազրույցներ անելը: Ա. Երիցյանը, սակայն, պատասխանեց լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ նա Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները ընտրություններում, նախարարը պատասխանեց. «Ես ընդհանուր մեր ծրագրերի մասին կխոսեմ, երբ արդեն նախընտրական մեր քարոզարշավը սկսենք, իսկ ընդհանուր առմամբ, դուք գիտեք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել , որ ես պետք է լինեմ ցուցակի առաջին համարը: Ունենք ծրագրեր: Մենք ոչ թե դժգոհ ենք ներակայիս քաղաքապետի աշխատանքից, այլ մեր կուսակցությունն իր ծրագրերն է ներկայացնելու, այսինքն` ինչպիսի՞ն ենք մենք տեսնում մեր քաղաքը, մեր Երևանը»:
Ինչ վերաբերում է իր հնարավորություններին, ապա Արմեն Երիցյանն ասաց. «Ես սիրում եմ պայքարել: Կարծում եմ` պետք է գնալ և աշխատել: Ինչ էլ անենք մեր երևանցիների, մեր համար ենք անելու: Կարծում եմ` դա այն պաշտոնը չէ, որ պետք է գնաս վայելես: Դա այն պաշտոնն է, որ պետք է գնաս քարշ տաս, ինչ-որ մի բեռ վերցնես քո ուսերին»:
Իսկ հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ինքն այլևս նախարարի պաշտոնում չի մնալու, Ա. Երիցյանը պատասխանեց. «Չէ, նման բան չկա, որովհետև այդ ամենը որոշում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Ես իմ առջև դրված խնդիրները կատարում եմ և մինչև վերջ աշխատելու եմ: Երբ ասեն, որ հերիք է, բոլ է, արդեն կարող ես գնալ՝ արդեն պարտավոր եմ գնալ, պարտավոր եմ հանձնել իմ պոստը»:
168.am-ի հարցին, թե քաղաքապետ դառնալու դեպքում ի՞նչ կփոխեիք մայրաքաղաքում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Երբ ծրագրերը ներկայացնենք, այդ ժամանակ կասեմ: Շատ անելիքներ կան»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ընտրապայքարը, նա պատասխանեց. «Թեժ, շատ թեժ պայքար է սպասվում, և կարծում եմ, որ բոլորն էլ ամեն ինչ անելու են, որ ավելի շատ ձայներ ունենան»: Ա. Երիցյանի խոսքով` ինքը բոլորին հարգում է, և բոլորն էլ արժանի մրցակիցներ են: