«Առաքելության» համար ընտրագրավը խնդիր չէ
Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը, որը հայտարարել էր մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, դեռևս չի հրապարակել կուսակցության համամասնական ցուցակը: Քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը 168.am-ին ասաց, որ ցուցակի վերաբերյալ հայտարարություն կտարածվի մինչև մարտի 21-ը:
Հիշեցնենք, որ անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն է:
Մանուկ Սուքիասյանը չասաց, թե քանի հոգուց բաղկացած կլինի կուսակցության ցուցակը և ովքեր ընդգրկված կլինեն դրանում, սակայն նշեց, որ օրենսդրական խախտում չեն անի: «Օրենքը պահանջում է առնվազն 25 հոգի ցուցակում, մենք առնվազն օրենքի պահանջը կապահովենք»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:
Հարցին, թե արդյոք նորաստեղծ կուսակցության համար, որի անդամների մեծամասնությունը երիտասարդներ են, 3 մլն դրամ ընտրագրավը խոչընդոտ չի՞ լինի, «Առաքելության» ներկայացուցիչը պատասխանեց, որ կուսակցության հիմնադիրների և առհասարակ կուսակցության շարքերում գործազուրկներ գրեթե չկան, հետևաբար՝ յուրաքանչյուրն այդ նպատակի համար որոշակի հատկացում կարող է անել: