Ռուբեն Հակոբյան. Նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը ԱԺ-ում:

«Հանրապետությունում շարունակվում է հետընտրական լարվածությունը: Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ավանդույթը չխախտվեց՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ գործող իշխանության կամակատարը: Բացահայտ փաստերը, որ մոտ 600 ընտրատեղամասերում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 75-100տոկոսը և որոնցում 80-100տոկոս ձայն են տվել գործող նախագահին, բարձր դատարանը անտեսեց այն, չնայած իրենք իրենց լիազորության սահմաններում կարող էին անձամբ կազմակերպել այդ տեղամասերում վերահաշվարկը:

Եվ այն երեսպաշտական հայտարարությանը, որ քիչ են անհրաժեշտ բողոք-դիմումները ընտրակեղծիքների մասով, ընդհամենը կհակադարձեմ հետևյալով. թե´ 1996թ-ին, թե´ դրանից հետո, և, մասնավորապես, 2008թ-ի ընտրություններից հետո, բողոք-դիմումներով հեղեղված էին թե´ ԿԸՀ-ն և թե´ Սահմանադրական դատարանը, բայց բարձր դատարանի որոշումը անփոփոխ էր՝ իշխանության թեկնածուն հաղթել է: Եվ առայժմ հրապարակի վրա է մնացել ընդհամենը քաղաքական մակաբույծներից մեկի կողմից հնչեցրած որակավորումով, որ ընդդիմության ներկայացուցչին ձայն են տվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, աղանդավորները, հասարակության անգիտակից մասը:

Իսկապես, նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում մեր պետության և ժողովրդի համար:

Եթե, իսկապես, պարո´ն Սարգսյան, Դուք գտնում եք, որ ստեղծված այս իրավիճակը հնարավոր է լուծել մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաև հացադուլավորին սոված և հիվանդ որակավորելու և նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Դուք իրապես չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում և ինչի կարող  է հանգեցնել ձեր դիրքորոշումը:

Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը և առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին և հաղթողը պետք է լինի մեկը՝  պետությունը: Այս իրավիճակում առանձին հաղթողներ և պարտվողներ չեն կարող լինել, եթե հաղթում են, ապա հաղթում են բոլորը՝ ժողովուրդը, պետությունը, իսկ եթե պարտվում են՝ պարտվում ենք բոլորս, այդ թվում նաեւ թվացյալ կամ պյուռոսյան հաղթանակի կրողը: Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմանկիցները կողմ են բաց քննարկումներին և երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն»:

Տեսանյութեր

Լրահոս