Շիրակում առնետներն ուտում են դիակները
Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մի իսկական սարսափ ֆիլմի սցենար ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից: Նկարագրելով Շիրակի մարզի դիահերձարանների վիճակը, նա պատմում էր, թե ինչպես դիահերձարաններից մեկում մահացածի հարազատները մեկ օր հետո արձանագրել են, որ առնետները կերել են մահացածի վերջույթները, մասնավորապես՝ բացակայել են մատները:
Պատմելով Գյումրիի դիահերձարանի մասին, Մարգարյանն ասում է, որ դիակները երբեմն այնքան շատ են լինում, որ դրանք պահվում են մոտակա ավտոտնակներում, անմխիթար պայմաններում: Իսկ երբ ձյուն է գալիս, և գյուղամիջյան ճանապարհները դառնում են անանցանելի, դիահերձումն անում է գյուղապետը, և որպես դիահերձարան՝ ծառայում է գյուղապետարանի շենքը: «Չկա ոչ մի երաշխիք, որ մահացածների օրգանները չեն կարող վաճառվել»,- ահազանգ է հնչեցնում Հովհաննես Մարգարյանը՝ առաջարկելով ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցի լուծմամբ:
Եթե այս հարցի մասին խոսեր որևէ ընդդիմադիր պատգամավոր, դա միանգամայն հասկանալի կլիներ: Բայց ՕԵԿ-ը կառավարող կոալիցիայի անդամ է, և փոխանակ խորհրդարանի ամբիոնից նման ահասարսուռ տեսարաններ նկարագրելու՝ Մարգարյանը կարող էր կառավարության անդամ ՕԵԿ-ականներին առաջարկել զբաղվել այս խնդրի լուծմամբ կամ հարցը ներկայացնել կառավարության նիստերից մեկում: