
Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ներկա են եղել բոլոր ընդդիմադիր ուժերը` բացի «Ժառանգություն»-ից

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն ընդդիմադիր ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ մարտի 19-ի հայտարարությունների ժամանակ տեղեկացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«ԱԺ նախագահի հրավերով այսօր տեղի ունեցավ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցեցին բոլորը, բացի «Ժառանգությունից»»,- հայտնել է Զուրաբյանը` չմանրամասնելով, սակայն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված հանդիպման ընթացքում:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները երեք կետից բաղկացած պահանջ են ներկայացրել ԱԺ մեծամասնությանը, ինչպես նաև արտահերթ նիստ գումարելու առաջարկ` ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար: ԱԺ նախագահի մոտ կայացած մի քանի հանդիպումից հետո բանակցությունները, ըստ ընդդիմադիր խմբակցությունների, կոնկրետ արդյունքներ դեռ չեն տվել: