Սարգիս Մանուկյան. Մեր երաժշտությունը որպես քաղաքական դրոշ չենք օգտագործում

Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում համերգային ծրագրով հանդես կգա նաև «Empyray» ռոք-խումբը:

Սակայն խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս վերջնական որոշում իրենք չեն կայացրել:

Սարգիս Մանուկյանի խոսքով՝ Ազատության հրապարակում համերգով հանդես գալու առաջարկը եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից, իրենք համաձայնել են, սակայն նպատակահարմար չեն համարում մենահամերգով հանդես գալ:

«Ինչքան հասկացա, կազմակերպիչները դա անվանել են փառատոն: Չի կարող մի խմբի մասնակցությամբ համերգը փառատոն կոչվել, առնվազն երկու խմբի ներկայություն պետք է ապահովվի, որպեսզի փառատոն կատեգորիայի մեջ լինի: Եթե երկրորդ խումբ չլինի, մեր ելույթն ուղղակի անիմաստ է: Մեր աջակցությունը կամ վերաբերմունքը շարժմանը ցույց տալու կամ չտալու համար անհրաժեշտություն չկա, որպեսզի դուրս գանք բեմ, նվագենք: Մեր երաժշտությունը որպես քաղաքական դրոշ չենք օգտագործում»,- ասաց «Empyray»-ի մեներգիչը:

Նա շեշտեց, որ իրենց համար կարևոր չեն հանդիսատեսի քաղաքական հայացքները, այնպես որ՝ իրենց ելույթը կդիտարկեն ոչ թե որպես քաղաքաղական ակցիա, այլ որպես՝ համերգ, իսկ Ազատության հրապարակում կատարվող գործընթացների նկատմամբ իրենց վերաբերմունքն այլ կերպ կարտահայտեն:

«Այդ հրապարակում գնում են պրոցեսներ, որին մասնակցում են մեր հազարավոր քաղաքացիները, մեր հայրենիկիցները: Այնտեղ կա ծայրահեղ քայլի գնացած քաղաքական գործիչ, որը մարդկայնորեն աջակցման կարիք ունի»,- ասաց Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, թե «նման ծայրահեղ քայլը խոսում է երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին»:

Սարգիս Մանուկյանը նշեց, որ ինքն այցելել է հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ի դեպ, Սարգիս Մանուկյանը հայկական շոու-բիզնեսի այն բացառիկ ներկայացուցիչներից է, ով իշխանությունների գովաբանությամբ չի զբաղվում և չի խուսափում երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի մասին կարծիք հայտնելուց:

Տեսանյութեր

Լրահոս