Ինչու չի կարելի քննադատել ընդդիմությանը

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներին, որոնք նեղվում են իմ այսօրվա քննադատական դիրքից, մի բան հիշեցնեմ: 2008-ից սկսած՝ ես շատերի պես, լինելով ՀԱԿ համակիր, հրապարակավ քննադատել և անհամաձայնություն եմ հայտնել ՀԱԿ շատ քայլերի առթիվ: Ես մենակ իմը հիշեցնեմ, ուրիշներինը դուք հիշեք ու ավելացրեք: Այսպես, երբ 2008-ի աշնանը հանրահավաքները դադարեցվեցին, ես շատերի պես հրապարակավ իմ կասկածները հայտնեցի այդ քայլի հիմնավորվածության առումով: Քննադատվեց նաև նույն թվականի սեպտեմբերին Կենտրոնի թաղապետի ընտրություններին մասնակցությունը, նույնիսկ հեռակա բանավեճ ծավալվեց այդ առթիվ ՀԱԿ համակիր մամուլում: 2009-ի գարնանը, երբ Տեր-Պետրոսյանն իր ելույթում քննադատեց հեղափոխական մոտեցումները, ես էլի նրանց թվում էի, ովքեր հրապարակավ անհամաձայնություն հայտնեցին: Սրանք միայն խոշոր դեպքերն են, ավելի մասնավորները չեմ էլ հիշի հիմա: Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ տասնյակ քաղբանտարկյալներ կային, և հրապարակում դեռ մեծ քանակով մարդիկ էին հավաքվում: Հիմա, ուշադրություն՝ «վապրռոս զնատոկամ»: Ինչո՞ւ իմ այն ընկերները, որոնք այսօր կարծում են, որ ներկայիս ընդդիմադիր պայքարը քննադատելը ինչ-որ վատ բան է, այն ժամանակ նույնը չէին ասում ինձ: Իսկ ես պետք է շեշտեմ, որ հատկապես այն մարդիկ, որոնք այսօր ինձ դա ասում են, այն ժամանակ ոչ միայն դեմ չէին, այլև ողջունում էին իմ քննադատական մոտեցումը որպես ներքին քննադատության առողջ դրսևորում: Հիմա էական չէ, թե այն ժամանակվա քննադատությանս որ մասն էր այսօրվա իմ տեսակետից ճիշտ, որը սխալ, կամ ինչ կար քննադատելու, որը չեմ նկատել այն ժամանակվա հայացքովս: Այսօր չկան քաղբանտարկյալներ, Ազատության հրապարակը բաց է, միտինգներին ոչ ոք չի խոչընդոտում, էլ չասած այն բանի մասին, որ դրանցում մասնակցողների քանակը սենց ասեմ՝ մեծ չէ: Նաև փորձից ելնելով՝ շատ ավելի ուշադիր է դարձել իմ հայացքը: Արդ, ի՞նչ է խնդիրը, ո՞րն է այն էական տարբերությունը, որը թույլ էր տալիս այն ժամանակ ազատ քննադատել, իսկ այսօր գրաքննության կարիք կա: Էլ չեմ ասում նրա մասին, որ իմ էսօրվա քննադատության մեջ արտահայտում եմ միայն մի 20 տոկոսը նրա, ինչ տեսնում եմ, բայց խնայելով ձեն չեմ հանում: Եթե կա այս հարցադրման ոչ հուզական, փաստարկված պատասխան, ուշադրությամբ և շնորհակալությամբ կլսեմ»:

Տեսանյութեր

Լրահոս