Անահիտ Բախշյանը՝ Լևոն Մութաֆյանին. Եթե իմ ու քո անունն էլ գրվեր, անպայման մի-մի անուն էլ մեզ կկպցնեին

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պատասխանել է թատերագետ Լևոն Մութաֆյանին, ով ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով բաց նամակ էր հղել իրեն:

«Հարգելի Լևոն, իմ լավ բարեկամ, շնորհակալ եմ շռայլ խոսքերիդ համար ու շատ անկեղծորեն եմ պատասխանում; Կարծում եմ՝ պետք չէ սևեռվել քաղաքացիական առաջին ֆորումի ժամանակ տեղի ունեցած քննարկման վրա, որտեղ եթե իմ ու քո անունն էլ գրվեր, անպայման մի-մի անուն էլ մեզ կկպցնեին, չկասկածես: Կարծում եմ ավելի կարևոր, շատ ավելի կարևոր բան է կատարվում այս օրերին Ազատության հրապարակում, մեզանում ձևավորվում է միմյանց լսելու, որևէ խնդիր բարձրաձայնելու ու քննարկելու մշակույթ, որը շատ ավելի կարևոր երևույթ է և լավագույն օրինակ հայոց Խորհրդարանի համար: Լևոն ջան, կիսում եմ մտահոգությունդ, որ Րաֆֆու համար «Դյուրին չէ քաղաքական ճշգրիտ որոշումներ կայացնելը, որովհետև ճշմարիտ պատրիկը կարող է սայթաքել, երբ պլեբսը դառնում է պոպուլիստների հպատակը»:

Րաֆֆին շա՜տ մեծ պատասխանատվության զգացում ունի, ինքն այսօր ավելի քան պարտավորված է լսել իր կողքին կանգնած ասելիք ունեցող քաղաքացուն, սա պոպուլիզմ չէ, սա ժողովրդավարության ամենադժվար դասն է, որը պետք է սովորենք բոլորս, սիրելիս: Լսել ու լսել, լսել շատերին, որպեսզի երբ որոշումներ կայացնելու օրը գա, ինքը դրանցով զորացած ու իմաստնացած լինի: Լևոն ջան, ես չեմ էլ համարձակվի տարհամոզել Րաֆֆուն, որովհետև վստահ եմ, որ իրեն առաջ մղող ուժը իր կրթությունն է, իր գիտելիքներն ու այն բարոյական բարձրագույն արժեքները, որոնց ես լիովին վստահում եմ: Ասում ես «Հայաստանը ստացել է վերափոխման պատմական հնարավորություն: Եկեք գուրգուրենք ու փայփայենք այն»:

Եթե ես այս նախադասությունը քո հորդորով ասեմ Րաֆֆուն, չի ասի՞ ՝ ա՛յ Անահիտ, իսկ ո՞վ է բերել պատմական այս հնարավորությունը, ո՞ւմ ես կոչ անում այն գուրգուրել ու փայփայել:
Իհարկե, չեմ հորդորելու, ոչինչ չեմ ասելու, որովհետև ես չունեմ իր գիտելիքները, որովհետև ես չեմ կարդացել ի՛ր կարդացած գրքերը, բայց ինձ հասանելի ամեն ինչ անելու եմ, որպեսզի ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի մեր Պետությունը վերջապես ունենա ծառայելու պատրաստակամ ազնիվ ու առաքինի, մարդասեր ու հայրենասեր, ոչ նյութապաշտ այլ բարեպաշտ, իրական քրիստոնյա ու վճռական Առաջնորդ ու Ծառա:

Լավագույն բարեմաղթություններով՝ Անահիտ Բախշյան.

Տեսանյութեր

Լրահոս