Վարդան Ղուկասյանի դստեր փեսայի սպանության գործով դատաքննության ժամանակ վկայի խոսքում հակասություններ են եղել (տեսանյութ)
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ նախ հարցաքննվել է ավտոլվացման կետի աշխատակից Մանվել Թորոսյանը, ով դեպքի օրը ավտոլվացման կետում տեսել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, սակայն գույնը չի հիշում, վարորդին էլ չի տեսել: Գործով հաջորդ վկան մեղադրյալի ընկեր Արմեն Խաչատրյանն էր, ով դեպքի օրը եղել է Բագրատաշենում, որտեղից էլ նրան բերման են ենթարկել: Դեպքի օրը վկան մի քանի անգամ Վրաստանից հեռախոսազրույց է ունեցել ամբաստանյալի հետ. «Զանգել եմ մեքենան մաքսազերծելու համար, որ խորհուրդ տա՝ որտեղից ուր գնամ, որ արագ լինի»:
Դատավորի հարցին, թե որտեղից է վկան ձեռք բերել իր մեքենան, վերջինս պատասխանել է, որ Հարություն Սարգսյանի միջնորդությամբ ձեռք է բերել ամբաստանյալի ծանոթից. մեղադրող կողմը հակասություն գտավ նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքների միջև և միջնորդեց կարդալ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, որտեղ ասվում է, որ մեքենան գնել է Հարություն Սարգսյանից, սակայն ձևակերպված է եղել Հասմիկ Պապոյանի անունով: Հակասությունները վկան բացատրել է նրանով, որ նախաքննության ընթացքում շտապել է և գործարքի մանրամասները բացատրել չի կարողացել: Գործով մյուս վկան Արտաշես Զաքյանն էր, ով դեպքի օրը «Մերսեդես» մակնիշի մեքենան տեսել էր ավտոլվացման կետում, սակայն վերջինս դժվարացավ ասել, թե մեքենան ինչ գույն էր: Նշենք նաև, որ դատաքննության ընթացքում ընդհարում տեղի ունեցավ նաև կողմերի դատապաշտպանների միջև, վերջիններս պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով: