Կալանավորման պահին էպոսագետը թեկնածու չի եղել. Նախաքննական մարմինը պարզաբանում է ներկայացրել

panorama.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պաշտպանական կողմին պարզաբանում են ներկայացրել այն հարցի կապակցությամբ, թե Վարդան Սեդրակյանի կալանավորմամբ Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի խախտում է տեղի ունեցել:

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի լրատվության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական հետապնման մարմինների կարծիքով, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի իմաստով այս քրեական գործի համատեքստում Հանրապետության Նախագահի թեկնածու են հանդիսացել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը:

«Այդ պատճառաբանությունը գտնում ենք անհիմն, քանի որ.

1) Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը գրված է շատ պարզ և դրանում հակասություններ չկան:

2) Եթե, այնուհանդերձ, Ընտրական օրենսգրքի 87 հոդվածը պետք է մեկնաբանվի դրանում հակասությունների առկայության առումով, ապա «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 24 հոդվածի 7-րդ մասի համաձայն հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը», -ասված է Սիրունյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է Սիրունյանի վերաքննիչ բողոքը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորման մասին որոշումը վիճարկելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս