Կարեն Բաբակեխյանը տեղյակ չէ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի հեռակա բանավեճերից

Ժամանակը չէ՞ արդյոք, որ Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերի փոխադարձ մեղադրանքներին կամ հեռակա բանավեճին միջամտեն նաև ՀՀ իրավապահները, հատկապես, որ մի քանի օր շարունակվող իրար ուղղված մեսիջները պարունակում են ոչ միայն փոխադարձ վիրավորանքներ, այլև վտանգավոր մարտահրավեր: Կողմերը, միմյանց որակելով որպես անմեղսունակ, գիժ կամ հոգեկան անհավասարակշիռ վիճակում լինելու մեջ, մեկը մյուսին հրավիրում են «տղայավարի» զրույցի, հայտարարություններ անում նաև, որ իրենք այն մարդիկ են, որ իրենց անվան համար պատրաստ են 10-20 տարի էլ բերդում անցկացնել կամ թեկուզ մեռնել:

Galatv.am-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից փորձել է ճշտել, թե արդյոք նմանատիպ հայտարարությունները նրան չեն մտահոգում և արդյոք անհրաժեշտություն չի տեսնում իրավապահների միջամտության: Կ. Բաբակեխյանը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ այդ հեռակա վեճերից ու ոչ մի բան էլ չգիտեմ: Ես Շիրակի մարզում չէի, բացակայում էի, հենց նոր մտնում եմ մարզ և տեղեկություն չունեմ»:

Երբ թղթակիցը Շիրակի մարզի ոստիկանապետին տեղյակ է պահել, որ արդեն մի քանի օր շարունակ Գյումրու ներկա և նախկին քաղաքապետերը հեռակա բանավեճ են ծավալել, և որը այնքան էլ զուսպ չէ, ավելին՝ որոշակի հանրությանը առնչվող վտանգներ է պարունակում, Կարեն Բաբակեխյանը նախ լսել է, ապա նույն կերպ պատասխանել է, որ միևնույն է, ինքը տեղյակ չէ:

Տեսանյութեր

Լրահոս