Նոր մանրամասներ՝ այսօր Երևան-Հրազդան ավտոճանապարհին շրջված «Գազելի» դեպքից. վիրավորները 8-ն են (տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 18-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հենրիկ Աբրահամյան փողոցի բնակիչ 56-ամյա Մկրտիչ Ալեքսանյանը, վարելով «Գավառ-տրանս» ՍՊԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի՝ 3208 L համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Մարինե Արամյանը, 18-ամյա Կարեն Սարգսյանը, 9-ամյա Կարեն Մանուկյանը, 39-ամյա Վաչագան Փուռթոյանը, 22-ամյա Հասմիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 70-ամյա Լիդա Հարությունյանը, 45-ամյա Սուսաննա Դանիելյանը՝ Երևան քաղաքի 3-րդ քաղաքային կլինիկա, իսկ 40-ամյա Մարիամ Շահբազյանը՝ Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ովքեր էլ նրանց տեղափոխել են բժշկական կենտրոններ:
Նշված ճանապարհահատվածում ոչ մի աշխատանքներ չէին կատարվել՝ ձնամաքրման ուղղությամբ, ինչն էլ պատճառ էր դարձել՝ վթարի:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի