Գերմանացի ներդրողի հայցը՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի ընկերության, մերժվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր մերժելէ գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցադիմումն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի՝ անհիմն լինելու պատճառով:
Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ «ԻստԻնվեստոր» ՍՊ սեփականության ու բաժնետիրոջ իրավունքները:
Վճռով մասնակի բավարարվեց հատուցման վերաբերյալ հայցվոր կողմի հայցապահանջը՝ 14 791 600 դրամի չափով (հայցապահանջը ընդհանուր առմամբ կազմում էր շուրջ 142 մլն դրամ): Քանի որ վճիռն այսօր չտրամադրվեց կողմին՝ «ԻստԻնվեստոր» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում դժվարացավ հայտնել, թե ինչ գումար է դա, սակայն ենթադրեց, որ հայցապահանջը հավանաբար բավարարվել է բաժնետոմսերի՝ պատասխանողի առաջարկած արժեքի սահմաններում: Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտարարեց նաև, որ իրենք հատուցման կոնկրետ գումար չեն նշել, իրենք միջնորդել են տրամադրել բաժնետոմսերի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում: