ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը նոր ստուգումներ են սկսում Սիվիլիթասում
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է Սիվիլիթաս հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009-2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:
Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել Հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:
Արդեն շուրջ տասը ամիս տևող անհեռանկար և հորինված դատավարական ընթացակարգերը խորապես խոչընդոտել և շարունակում են խոչընդոտել Հիմնադրամի աշխատանքները՝ անհասկանալի և ծավալուն փաստաթղթաբանության անհիմն պահանջներով, աշխատակիցներին ԱԱԾ-ի կողմից տևականորեն և անհասկանալի, հետապնդման նախնական և հետագա նպատակների հետ առնչություն չունեցող հարցերի վերաբերյալ հարցաքննություններով, Հիմնադրամի բոլոր հնարավոր գործընկերներին և Հիմնադրամի հետ համագործակցած անձանց իբր Հիմնադրամի կողմից կատարված օրինախախտումների վերաբերյալ երկարաշունչ նախաբաններով նամակների և հաղորդումների ներկայացմամբ: Մինչդեռ առ այս պահը նախաքննության մարմինը չի որոշակիացրել, թե ինչ մեղադրանքների կամ օրինախախտումների բացահայտման նպատակով է իրականացվում այս տոտալ հետապնդումը, ըստ երևույթին հույս ունենալով գտնել հետապնդումների հիմնավորումը՝ ապագայում Հիմնադրամի գործունեության մյուս բոլոր հնարավոր ոլորտների ստուգումներով:
Սիվիլիթաս հիմնադրամը հայտարարում է, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է խոչընդոտել Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքացիական հասարակության ուժեղացմանն ուղղված ծրագրերը և հատկապես լրատվական գործունեության իրականացումը: Այլ խոսքով, սա ուղղակիորեն Հիմնադրամի արտահայտվելու ազատության սահմանադրական իրավունքին օրենքով արգելված և քրեական դատավարության նպատակներով քողարկված ապօրինի միջամտություն է:
Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ է անում դադարեցնել հետապնդումները և Հիմնադրամին հնարավորություն տալ շարունակել բնականոն գործունեությունը: